Արցախն ունի անկախ և ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Եվրախորհրդարանի պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան աշխատանքային այցով այս օրերին գտնվում է Արցախում: Այցի ընթացքում նրան ընդունել են ԱՀ Նախագահը, ԱԳ նախարարը, ինչպես նաև հանդիպում է եղել Խորհրդարանում:
Ի՞նչ հարցեր են քննարկվել, որ՞ն է եղել այցի նպատակը. այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Յարոմիր Շտետինայի հետ:
Հարց- Պարո՛ն Շտետինա, Արցախում Ձեր հերթական այցի ընթացքում հանդիպումներ եք ունեցել իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Ի ՞նչ հարցեր քննարկվեցին:
Պատասխան- Նախ պետք է ասեմ, որ ուրախ եմ կրկին Արցախ այցելելու և Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար: Կարծում եմ՝ շատ շահագրգիռ քննարկումներ ունեցանք: Մասնավորապես խոսել ենք Արցախ - Եվրամիություն ուղիղ կապերի ստեղծման հնարավորությունների մասին: Անհրաժեշտ է արագացնել այս գործընթացը: Օրինակ՝ ԵՄ կառույցներում լոբբինգի համակարգը պետք է կառուցվի Եվրախորհրդարանում Արցախի ներկայացուցիչ նշանակելու միջոցով: Առաջարկել եմ նաև որպես փորձագետ՝ Արցախից երկու հոգու ներգրավել եվրոպական խորհրդարանում փորձուսուցում անցնելու համար:
Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք այդ բոլոր հարցերը, եւ ուրախ եմ արձանագրել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են այդ հարաբերությունները ընդլայնելու եւ զարգացնելու համար:
Հարց- Արցախում ապրող ժողովրդի իրավունքները շարունակվում են կոպտորեն խախտվել Ադրբեջանի կողմից: Այդ երկրի իշխանություններն անգամ եվրոպական երկրներից պահանջում են արգելել Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժը Եվրոպայում:Եվրամիությունը կամ Եվրախորհրդարանը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում կանխարգելելու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունը:
Պատասխան-Եվրամիության եւ Եվրախորհրդարանի կառույցներում կան ուժեր, որոնք չեն ցանկանում այդ գործընթացը տեսնել: Բայց դա պետք է դառնա մեր ռազմաճակատը, մեր պայքարը: Ադրբեջանի ցանկությունն է Արցախի քաղաքական եւ տնտեսական համակարգը խաթարելը, եւ այդ նպատակով Բաքուն փորձում է ահաբեկել նաև Արցախ այցելողներին: Օրինակ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ կատարած իմ նախորդ այցից հետո Բաքուն դիմեց Ինտերպոլին՝ ինձ ձերբակալելու խնդրանքով, սակայն մերժում ստացավ, քանի որ այդ կազմակերպությունը քաղաքական հարցերով չի զբաղվում:
Հարց- Պարո՛ն Շտետինա, Դուք շատ վաղուց եք Արցախ այցելում և լավ ծանոթ եք մեր կառավարման համակարգին: Հետաքրքիր է՝ Արցախի դե-յուրե չճանաչված Հանրապետությունը ժողովրդավարական երկիր համարո ՞ւմ եք:
Պատասխան- Կարծում եմ՝ Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները: Այստեղ կա ժողովրդավարական համակարգ, գործում են բոլոր ինստիտուտները, եւ այդ ամենը կարգավորված է նոր Սահմանադրությամբ:
Բացի դրանից, Արցախի Հանրապետությունը կարողանում է կազմակերպել իր պաշտպանությունը և ունի կայացած, զարգացող տնտեսական համակարգ: Սրանք կարևոր բաղադրիչներ են, և այդ ամենը անձամբ կարող եմ հաստատել, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում ես պարբերաբար այցելում եմ Արցախ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան