Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը
Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ Մարտին Շտրոմբերգսոնի գլխավորությամբ: Օգնականներն են Դանիել Գուստավսոնը և Յոակիմ Ամրի Նիլսոնը: Հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի, 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մարկուս Շյոբլոմը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Բոյան Պանջիչը և Յոհան Համլինը:
Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Բակար Ժորդանիան Վրաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Դևիդ Մալքոլմը Հյուսիսային Իռլանդիայից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար խաղում Հայաստանը 1։0 հաշվով պարտություն կրեց։
Դիտարկմանը, թե կարելի է փաստել, որ Ազգերի Լիգայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այլևս անելիք չունի, գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասել էր. « Թղթի վրա մենք դեռ շանս ունենք և դրա համար էլ կպայքարենք մինչև վերջ։ Իմ մնալու-չմնալու հարցը կորոշեն ֆեդերացիայի ղեկավարները։ Իսկ մինչև 2020 թվականը կփորձեմ հավաքականին փոխանցել իմ գիտելիքները, փորձը, խաղաոճը։ Թե ինչքանով կստացվի՝ չեմ կարող ասել»։