Պետք է շարունակել նպաստել ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը. Անդրեյ Բաբկո
Հոկտեմբերի 17-19-ը` «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը և Երևանի բիզնես-ֆորումը:
«Expo Russia-Armenia 2018» ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ցուցահանդեսին մասնակցելու են ավելի քան 100 ընկերություններ։
«Հիմնականում ներկայացված են հայկական ու ռուսական ընկերություններ, բայց կան նաև ներկայացուցիչներ Ղազախստանից, Բելառուսից, սպասվում են նաև հյուրեր՝ Վրաստանից ու Իրանից։ Կներկայացվեն մեքենաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, հեռուստակոմունիկացիոն կապերի ոլորտները, ինչպես նաև ներկայացված կլինեն հայրենական արտադրության ապրանքներ»,- նշեց նա։
Զաբելինան նաև հայտնեց, որ ցուցահանդեսի ջրջանակում կինոփառատոն կանցկացվի, որտեղ կցուցադրվեն ռուսական լավագույն ֆիլմերը:
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն էլ նշեց, որ այս միջոցառումը հնարավորությունն է տալիս հայ արտադրողներին դուրս գալ ռուսական շուկա։
Լրագրողները Բաբկոյից հետաքրքրվեցին, թե ազդել են արդյոք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները Հայաստան-Ռուսաստան առևտրի ու ներդրումների ծավալի վրա, ինչին ի պատասխան նա ասաց. «Քաղաքական այդ իրադարձություններից առաջ մեր համագործակցությունն արդեն կայացել էր: Կասեմ, որ դրանք չեն ազդել այն առումով, որ ամեն ինչ արդեն փորձված ճանապարհով էր գնում: Հատկապես մենք տեսնում ենք, որ քաղաքական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են ու իրականացնում նախորդ տարիների պայմանավորվածությունները: Քաղաքական բաղադրիչի փոփոխություն մենք չենք նկատում, ընդհակառակը՝ տեսնում ենք կոնտակտների ակտիվացում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այլ հարց է, որ չի կարելի քաղաքական բարեփոխումներով զբաղվելիս մոռանալ, որ պետք է շարունակել աջակցել ու նպաստել ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը»։
Նա նշեց, որ այնուամենայնիվ, հայկական քաղաքական գործիչները պետք է հասկանան՝ ինչից է կազմված Հայաստանի տնտեսությունը, ինչ ընկերություններ են այստեղ աշխատում. «Չպետք է թաքցնենք, որ երեք քառորդով դրանք ռուսական կապիտալով ընկերություններն են, ռուսական առաջատար ընկերությունների դուստր ընկերությունները, այնպես որ, իհարկե, քաղաքականությունը ևս պետք է զգույշ լինի այս ուղղությամբ, ես սրա կոչն եմ անում»:
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությանը՝ նա նշեց, որ Ռուսաստանը փորձում է խթանել ոչ միայն արտահանումը դեպի Հայաստան, այլև՝ ներկրումը Հայաստանից. «Բացի սովորական դարձած գյուղատնտեսական մթերքների ներկրումը, բավականին ակտիվացել է Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի, տեքստիլի, կոշիկների ներկրումը: Դրանք ճաշակով իրեր են, որոնք պահանջված են Ռուսաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում բիզնես միջավայրը գնալով դառնում է ավելի բարենպաստ ներդրումների համար. Փաշինյան
- Տնտեսության իներցիոն զարգացումը մեզ համար կարող է սպառնալիք լինել. Թաթուլ Մանասերյան
- Հայաստանը ոչ միայն ներդրումների կարիք ունի, այլև՝ թե բարեգործության, թե ներդրումների...