Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին (լրացված)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում վայրկյաններ առաջ:
«Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը սակայն, վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը, մեր՝ միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով:
Արատահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրվա ընթացքում երկու անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրում, ինչի բերումով ԱԺ-ն արձակվում է, և հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը, ես շարունակելու եմ կատարել ՀՀ վարչապետի սահմանադրական լիազորությունները՝ ասել է թե շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահություն տաք մեր քաղաքական ուժին ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում:
Իհարկե, շատերը մտավախություն ունեն և հարց են հնչեցնում. իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյո՞ք մենք պատրաստ ենք նման սցենարի:
Ես նույնիսկ չեմ ուզում ասել, թե հոկտեմբերի երկուսի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք առավել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի, որովհետև ժողովրդի կամքի ու ցանկության առաջ չի կարող կանգնել որևէ ուժ:
Բայց հիմա չեմ ուզում որևէ նման սցենար քննարկել նույնիսկ, որովհետև ինչքան էլ հակասություններ, սուր բանավեճեր ունենանք խորհրդարանական մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք ժողովրդի և Հայաստանի ազգային անվտանգության դեմ գործելու նպատակ ու մտադրություն ունեն:
Խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ անկախ բոլոր հակասություններից ու տարընթերցումներից մեր պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են նաև իրենց համար, և հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի: Մանավանդ, որ թե ՀՀԿ, թե Ծառուկյան դաշինք, թե ՀՅԴ խմբակցությունները հրապարակային հայտարարել են, թե չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել:
Նաև ուզում եմ Ազգային ժողովի նախկին մեծամասնության ներկայացուցիչներին ասել, որ մենք այո քննադատել ենք և քննադատում ենք ձեզ, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ ենք փնտրում, կամ պիտի փնտրենք:
Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա:
Եւ ուզում եմ քաղաքական բոլոր ուժերին հաջողություն մաղթել արտահերթ խորհրդարանական ընտրություններում և հաստատել, որ մեր կառավարությունը երաշխավորելու է ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը:
Սիրելի հայրենակիցներ,
Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը իրականում հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան:
Եւ հիմա, անդրադառնալով իմ վարչապետության անցած հինգ ամիսներին, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր անսահման աջակցության և վստահության համար: Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի և օրինական հույսերը չեմ արդարացրել, ում ոգևորությունը որևէ կերպ ստվերել եմ:
Բայց, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմանաք միանշանակ և աներկբա. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են և թևեր են տալիս ինձ և ուժ են տալիս ինձ՝ ձեր դիմաց կանգնելու և վստահաբար ասելու՝ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու:
Պատրաստեք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվեք նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, համբուրում եմ բոլորիդ:
Եւ ուրեմն,
Կեցցե Ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրում են ու վստահաբար ապրելու են Ազատ և երջանիկ Հայաստանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է օտարերկրյա լրատվամիջոցը հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի մասին
- Փաշինյանը հայտնել է իր հրաժարականի ու նոր ընտրությունների ժամկետները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան