ԱԳ նախարար. Մենք պետք է ուշադրություն դարձնենք անցյալի սխալները չկրկնելու վրա
«Խաղաղ ժողովրդավարական փոփոխությունն Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության նոր ուղիներ է բացում»,- այս մասին նշել է ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Լյուքսեմբուրգում Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների նախարարական հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի նոր կառավարության հիմնական առաջնահերթություններից են «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթում նախանշված թիրախները, մասնավորապես այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տնտեսական զարգացման և շուկայական հնարավորությունների խթանումը, ինստիտուտների ամրապնդումն ու լավ կառավարումը, փոխկապվածության, էներգիայի խնայողության, շարժունակության և ժողովուրդների միջև կապերի խրախուսումն ու շրջակա միջավայրի պահպանությունը:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Մնացականյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Անցած հինգ ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման խթանման նպատակների վրա: Մինչ այժմ իրականացրած մեր գործողություններն արդեն ունեն շոշափելի արդյունքներ՝ արձանագրելով նաև մեր ջանքերի շարունակականության և կայունության հրամայականի հստակ գիտակցումը: Հավասարապես կարևոր է նաև մեր ազգային զարգացման օրակարգի խթանման առաջնահերթությունը:
Սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ցուցադրեցին շարունակական հանրային աջակցությունն ու մանդատը՝ տրված կառավարության և վարչապետի քաղաքական հիմքը հանդիսացող ուժին։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու ժողովրդական պահանջը սահմանում է Հայաստանում ներկայիս քաղաքական իրադրությունը․ ընտրություններն ակնկալվում է անցկացնել 2018թ․ դեկտեմբերին։ Ինչպես ցույց տվեցին ավագանու ընտրությունները, իրապես ազատ և արդար ընդհանուր ընտրությունների անցկացումը հանդիսանում է այս կառավարության բացարձակ առաջնահերթությունն ու ամուր քաղաքական կամքը: Հայաստանի կառավարությունը ողջունում և գնահատում է Եվրամիության և անդամ պետությունների տեխնիկական և ֆինանսական աջակցությունն ընտրություններն անցկացնելու հարցում:
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը խիստ ներհայաստանյան էր և ունի բացառապես ներքին բնույթ: Ե՛վ իր ծրագրում, և՛ իր բուն ռազմավարության իրականացման մեջ կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է եղել արտաքին քաղաքականության շարունակականությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում` ուղղված տարածաշրջանային և միջազգային խաղաղության, կայունության և փոխլրացնող համագործակցության խթանմանը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է»։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ ԱԳ նախարարն ասել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք»։
Եզրափակելով իր խոսքեը, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Քանի որ շուտով լրանում է Արևելյան գործընկերության 10-ամյակը, մենք պետք է ուշադրություն դարձնենք անցյալի սխալները չկրկնելու վրա և պահպանենք նախաձեռնության էությունը․ առաջին հերթին մարդկանց գործընկերություն՝ ուղղված մեր երկրներում կյանքի բարելավմանը և մեր հասարակությունների մերձեցմանը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նաև ընդգծել մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի շատ կարևոր առաջնահերթությունը, որը մենք առաջ են մղում ԵՄ երկրների հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները