Harrods-ում 16մլն ֆունտ ծախսած կինը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինն է
Մեծ Բրիտանիան, հակակոռուպցիոն նոր օրենքի շրջանակներում, բացահայտել է, թե ով է այն կինը, ով 1 տասնամյակում բրիտնական Harrods շքեղ առևտրային կենտրոնում ծախսել է 16մլն ֆունտ ստեռլինգ, որը կազմում է մոտ 21մլն դոլար, գրում է BBC-ն։
Այսպես, այդ կինը Զամիրա Հաջիևան է, ով դատարանում պարտվել է անանուն մնալու դատը, երբ ԶԼՄ-ները պնդել են, որ հանրությունն իրավունք ունի իմանալ ամբողջական փաստերը։
Զամիրա Հաջիևան Ադրբեջանից է, նա Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինն է։
Հաջիևան կարող է կորցնել Լոնդոնի մոտակայքում գտնվող իր15մլն ֆունտ արժողությամբ տունը, Բերքշիրում գտնվող գոլֆի դաշտը, եթե բարձրագույն դատարանին չկարողանա բացատրել, թե որն է իր հարստության աղբյուրը։
Մեծ Բրիտանիայի նոր «Չբացատրվող հարստության կարգով», այժմ 55-ամյա Հաջիևան պետք է Ազգային հանցավորության գործակալությանը ներկայացնի հստակ հաշվետվություն, թե ինչպես են ինքն ու իր ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը, կարողացել Լոնդոնի բացառիկ թաղամասում գնել այդպիսի մեծ տուն։
Նշվում է, որ Հաջիևան օրական ծախսել է մոտ 4000 ֆունտ։ Դատարանը բացահայտել է, որ 1օրում տիկինը Boucheron շքեղ զարդերի բրենդի խանութից կատարել է 150 հազար ֆունտի գնում, հաջորդ օրը գնել է 1800 ֆունտի գինի։ Մեկ այլ օր 100 հազար ֆունտով գնումներ է կատարել Cartier զարդերի խանութից։
«Չբացատրվող հարստության կարգը» Բրիտանիայում ընդունված նոր կարգ է, որը նախատեսված է թիրախավորել կասկածելի կոռումպացված պաշտոնյաներին, ովքեր լվանում են իրենց գողացած փողերը Մեծ Բրիտանիայի միջոցով։
Ազգային հանցավորության դեմ պայքարի գործակալության քննիչները կարծում են, որ բրիտանական անշարժ գույքի շուկայում ներդրվել են միլիարդավոր ֆունտերի հասնող կեղտոտ գումարներ, սակայն գրեթե անհնար է տերերին մեղադրանք առաջադրել կամ բռնագրավել նրանց ունեցվածքը՝ ապացույցների բացակայության պատճառով։
Նոր «Չբացատրվող հարստության կարգով» փորձ է արվում ստիպել սեփականատերերին բացահայտել իրենց սեփականությունը։ Եթե կասկածվող կոռումպացված պաշտոնյան կամ նրա ընտանիքի անդամը չի կարողանում ցույց տալ իր հարստության աղբյուրը, ապա Ազգային հանցավորության դեմ պայքարի գործակալությունը կարող է դիմել բարձրագույն դատարան՝ գույքի բռնագրավման պահանջով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան