ԵԽԽՎ. Եվրոպական խորհրդարաններում կանանց նկատմամբ սեռական բռնությունները տագնապալի մակարդակում են
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Միջխորհրդարանական միության (IPU) կատարած համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Եվրոպական երկրների խորհրդարաններում սեքսիզմը, կանանց նկատմամբ բռնությունը համատարած բնույթ է կրում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կին խորհրդարանականների 85 տոկոսը խորհրդարանում տուժել են հոգեբանական բռնությունից։ Սեռական ոտնձգությունների հավանականությունն առավել մեծ է 40 տարեկանից ցածր կանանց նկատմամբ։
Հաղորդվում է, որ խորհրդարանների աշխատակազմի կին աշխատողների նկատմամբ սեռական բռնություններն ավելի տարածված է, քան կին պատգամավորների։ Խորհրդարանների մեծամասնությունում չկան մեխանիզմներ, որոնք թույլ կտան կանանց խոսել այդ մասին։
IPU-ԵԽԽՎ համատեղ ուսումնասիրության արդյունքները հիմնված են 45 եվրոպական երկրներից 123 կանանց հարցազրույցների վրա, որից 81-ը եղել են կին պատգամավորներ, իսկ 42-ը աշխատակազմի կին ներկայացուցիչներ։
Այս ուսումնասիրությունը մեկ անգամ ևս հաստատում է 2016թ.-ի IPU-ի կատարած հետազոտության արդյունքները, որը բացահայտել էր գենդերային հիմքով լայնածավալ սեռական ոտնձգությունները։
Նշվում է, որ այս հետազոտությունն առաջինն է շարքում, որը պետք է օգնի կազմել խորհրդարաններում կանանց նկատմամբ սեքսիզմի, սեռական ոտնձգությունների ու բռնությունների գլոբալ պատկերը։
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մուրի Պասկիեն ասել է, որ, ցավոք, ուսումնասիրությունը ցույց է տալիս տխուր իրականությունը։
«#MeToo (Ես նույնպես) շարժումը չխնայեց քաղաքականության աշխարհը։ Քանի դեռ կանանց ու տղամարդկանց միջև անհավասարությունը շարունակվում է, ոչ մի կին ապահովված չի լինի բռնությունից ու սեռական ոտնձգությունից։ Մենք՝ քաղաքականության մեջ կանայք ու տղամարդիկ, ունենք լծակ, որ կարող է մեզ դարձնել փոփոխության շարժիչներ՝ Ստամբուլի կոնվենցիան, իրավական գործիք, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, պաշտպանությանը ու դատական հետապնդմանը»,-ասել է ԵԽԽՎ ախագահը։
Հարցված կանանց 47 տոկոսը նշել է, որ ստացել է մահվան, բռնաբարության ու ծեծի սպառնալիքներ։ 68 տոկոսը եղել է սեռական մեկնաբանությունների թիրախ՝ կապված իրենց ֆիզիկական տեսքի հետ, իսկ 25 տոկոսն էլ ասել է, որ ենթարկվել է սեռական բռնության։ 58 տոկոսն էլ նշել է, որ իրենց նկատմամբ սեռական հարձակումներ են եղել առցանց ու սոցիալական մեդիայում։
Զեկույցը ներառում է նաև մի շարք գործիքներ, որոնք ուղղված են խորհրդարաններում կանանց նկատմամբ սեքսիզմի ու բռնությունների դեմ պայքարելուն։ Այդ գործողություններից է այն, որ պետք է հստակորեն ընդգծել, որ գենդերային հիմքով սեռական ոտնձությունը լիովին անընդունելի է, սահմանել գաղտնի բողոքների ու հետաքննության մեխանիզմներ, մեղավորների նկատմամբ սահմանել կարգապահական պատժամիջոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան