Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
«Մշակույթի նախարարությունը կազմակերպել էր քննարկումներ թատրոնի հոգսը թեթևացնելու համար, փորձել է օգնել ամեն ձև, որ մենք կարողանանք ընտրություն կատարել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը՝ խոսելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հետ կապված հարցերի մասին։
Նա նշեց, որ իրենց թեկնածությունն էին ինքնաառաջադրել հինգ թեկնածու, լսումներից հետո մնացել էին երկուսը՝ Կարեն Ներսիսյանը (ՌԴ քաղաքացի) և Սուրեն Շահվերդյանը։ Թատրոնի տնօրենն ասաց, որ երկու թեկնածուի ծրագիրը մանրամասն կարդացել է, դիտել է հատվածներ ներկայացումներից։
Ներկայացնելով թեկնածուներին, Ֆ. Դավթյանն ասաց, որ Ս. Շահվերդյանին ծանոթ են բոլորը։ Նա տեղեկացրեց, որ Կարեն Ներսիսյանը սկսել է իր ստեղծագործական գործունեությունը հենց այս թատրոնից, բեմադրել է դիպլոմային ներկայացումները, այնուհետև մեկնել է ՌԴ, որտեղ տարբեր թատրոններում շուրջ 50 բեմադրություն ունի։
«Կարեն Ներսիսյանը տիրապետում է հոգեբանական թատրոնի այն ոճին, որին թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ։ Սուրեն Շահվերդյանը շատ հետաքրքիր ներկայացումներ ունի, հիմնականում պլաստիկ, շարժողական թատրոն է, կարելի է խաղացանկում ունենալ նման մեկ ներկայացում։ Երկուսի ծրագիրն էլ կարդացել եմ, ավելի հոգեհարազատ է Կարեն Ներսիսյանինը։ Նա նաև ունի գեղարվեստական ղեկավարի փորձ։
Որպես թատրոնի տնօրեն, իմ իրավասությունն է իմ հրամանով նշանակել գեղարվեստական ղեկավար։ Այսօր առավոտյան իմ որոշմամբ ստորագրել եմ հրաման՝ Կարեն Ներսիսյանին նշանակել թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Պայմանագիրը ստորագրված է մինչև 2019 թվականի վերջ։
Վստահ եմ, որ տվյալ պարագայում կատարում եմ ճիշտ ընտրություն»,- ասաց Ֆրեդ Դավթյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունում հոկտեմբերի 1-ին կայացել էր քննարկում Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվող թեկնածուների վերաբերյալ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն էին առաջադրել 5 մասնակից։ Որոշվել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնում առաջադրվող 5 թեկնածուներից ընտրել 2-ին՝ Կարեն Ներսիսյանին և Սուրեն Շահվերդյանին, ովքեր հնարավորություն կունենան առաջիկայում թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտա հետագա հստակ և համարժեք ընտրության։
Հարցին, թե ինչո՞ւ չեն սպասել, որպեսզի նրանք բեմադրեն ներկայացումներ, Ֆ. Դավթյանն ասաց. «Համոզված չեմ, որ մեկ ամսում նրանցից մեկը կարող էր ավարտել ներկայացումը։ Թատրոնում աշխատում ենք, գիտենք ինչ տաժանակիր աշխատանք է ներկայացում ստեղծելը։ Համոզված չեմ, որ 1-2 ամսում կավարտեին այդ ներկայացումը։ Ես ասել եմ այդ մասին նախարարությունում։
Նախարարությունն այս ասուլիսից կիմանան իմ որոշումը, քանի որ կրկնում եմ, իմ իրավասություն է իմ հրամանով հաստատել գեղարվեստական ղեկավարին»։
Նա նաև դիմեց թատրոնի կոլեկտիվին՝ հարգել իր որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Երկու բեմադրիչ է պայքարելու Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի համար
- Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարը կընտրվի լսումների արդյունքում
- Թեկնածուները շատ էին. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն
- Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի ընտրությունը հետաձգվել է
- Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա
- Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում