Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը. Փաշինյան
«Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և այդ ուղերձն այն է, որ մենք «մերոնքականների» և «ձերոնքականների» չենք բաժանելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը՝ թե Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելը սյունեցիների մոտ զայրույթ առաջացրեց։
«Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, մենք հիմա մտել ենք ապամոնտաժելու ժամանակը։ ՀՀ-ում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որն ինչ-որ բացասական արձագանքի չարժանանա՝ մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսը՝ ոչ այդքան, անթերի մարդիկ չկան ու անթերի նշանակումներ չեն լինելու։ Խնդիրը հետևյալն է՝ պետք է շատ հստակ ուղերձներ հղենք, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը։ Հիմա խոսվում է, այս պաշտոնյան սա է արել, մյուսը՝ նա է արել, ով ինչ արել է իր արածի համար պատասխան կտա, կապ չունի պաշտոնյա է, թե ոչ։ Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Նա հիշեցրեց, որ Ֆելիքս Ցոլակյանի նշանակման դեպքում էլ բացասական արձագանքներ եղան։
Հարցին՝ թե ապագա կառավարությունում հնարավոր է նաև «Հանրապետական» խմբակցության անդամ լինի, նա պատասխանեց. «Տեսականորեն, այո, իհարկե հնարավոր է։ Մենք մարդուն չենք ասում, որ եթե ՀՀԿ անդամ ես կամ եղել ես, չի լինի։ Ինչի մինչև հիմա ՀՀԿ անդամներ մեր իշխանության կազմում չե՞ն եղել։ Փոխնախարարներ են եղել, ովքեր ՀՀԿ անդամ են»։
«Ազատություն» ռադիոկայանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակին վերաբերող հարցին, Փաշինյանը պատասխանեց. «Դա քաղաքական հարց չէ, դա իրավական հարց, է և իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, և քվորում չլինի. «Դա իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկումներ կային, և ներկա հեղինակավոր իրավաբանների մի մասը ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»:
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կամ առանձին կմասնակցեն, կամ «Իմ քայլը» դաշինքով. «Մեծ հավանականությամբ այդ դաշինքով էլ կլինի մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել»։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եմ, որ Հունան Պողոսյանն անպայման կարդարացնի իր նշանակումը. փոխվարչապետ
- Հունան Պողոսյանը հորդորել է վստահել իրեն
- Հունան Պողոսյանը նշանակվեց
- Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան