Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 2 կետով
Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 70-րդն է աշխարհի 140 երկրների մեջ: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում, այսօր ներկայացրել է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2018»-ի հիմնական արդյունքները:
Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա: Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:
2018թ․-ի զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրներն են ԱՄՆ, Սինգապուրը և Գերմանիան: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Շվեյցարիան և Ճապոնիան: Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ռուսաստանը (2 կետով), Վրաստանը (1 կետով), Ուկրաինան (6 կետով), և Ղրղզստանը (3 կետով): Հայաստանը գրանցել է առաջընթաց 2 կետով: Հետընթաց են արձանագրել Ադրբեջանը (4 կետով), Տաջիկստանը (5 կետով) և Մոլդովան (1 կետով):
Աշխատուժի շուկա հենասյունով Հայաստանը գրանցել է լավագույն ցուցանիշը և զբաղեցնում է 33-րդ տեղը 140 երկրների մեջ։ Լավագույն միավոր գրանցվել է առողջապահության հենասյան համար (83 միավոր 100-ից)։ Վատագույն արդյունքներն ըստ տեղի և միավորի գրանցվել է շուկայի չափ հենասյունով։
Մեկ ուսուցչին ընկնող աշակերտների հարաբերակցությունը, օտարերկրյա աշխատուժ ընդունելու դյուրինությունը Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում են։ Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը, ժամկետները և ծախսերը, աշխատանքի ընդունման ու աշխատանքից հեռացման ճկունությունը։ Մրցակցային թերությունների շարքում են սոցիալական կապիտալի մակարդակը, տրանսպորտային ենթակառուցվածքների, կապիտալի շուկայի զարգացածություն, աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում և մաքսային սակագների բարդությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները