Գևորգ Կոստանյան. Ես երբեք իմ սկզբունքներից չեմ շեղվել, չեմ էլ շեղվելու
Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը, ով օրեր առաջ իր հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամբողջությամբ աջակցելու ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ իր սկզբունքներից չի շեղվել, չի էլ շեղվելու։
«Եթե որևէ մեկը հայտարարությունը կարող է դիտարկել շեղում, ես մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները։ Մայիսի 8-ի իմ ելույթի ու վերջին հայտարարության միջև բացարձակ հակասություններ չկան։ Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է, բայց միաժամանակ ես ասել եմ, որ որևէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման պրոցեսում։ Պետական կառավարման մեջ, վստահ եմ, դուք էլ չեք տեսել, մի պարզ պատճառով, նա պաշտոն չի ունեցել»,-ասաց Կոստանյանը՝ ավելացնելով, որ հենց դրա համար է դեմ քվեարկել Փաշինյանին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ։
Պատգամավորը նշեց, որ անցած ամիսների ընթացքում ինքը տեսել ու համոզվել է, որ Փաշինյանի նպատակներն ու ցանկություններն ազնիվ են։
«Իմ խորին համոզմամբ, դրանք ուղղված են պետության բարօրությանը։ Ավելին, ես եթերում էլ ասեցի, այլ հարց է, թե դա փաստացիորեն ինչպես է իրագործվում։ Ցանկացած մարդ, որ երկրի բարօրության նկատմամբ նախանձախնդիր է, պետք է օգնի, որ այդ բոլոր նպատակներն իրագործվեն»,-ասաց Հանրապետական խմբակցության անդամը։
Գևորգ Կոստանյանի խոսքով, ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքով է ընդունել իր որոշումը։
«Ինքը միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշումներին։ Թե մամուլում ինչ են գրում, դա 48-րդական հարց է։ Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն փնտրելուն, ապա նույն օրը ֆրակցիան էլ հայտարարություն տարածեց։ Այդտեղ, որտե՞ղ հակասություն կա։ Ես թիմից ինձ երբեք հեռու չեմ պահել, ուզում եմ հասկանաք մի բան, ես կուսակցական չեմ եղել, չեմ էլ լինի»,-նշեց օրենսդիր մարմնի անդամը։
Կոստանյանը մանրամասնեց, կուսակցական երբեք չի եղել այն նկատառումից ելնելով, որ երբևէ ոչ կուսակցական, ոչ քաղաքական կաշկանդվածություն չունենա իր տեսակետն արտահայտելիս։
Հարակից հրապարակումներ`
- Այս էժան խաղում մենք չկանք. ՀՀԿ խմբակցության չորս պատգամավորի հայտարարությունը
- Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին. ՀՀԿ
- ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Արմեն Աշոտյան
- ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ կողմ են, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին
- Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին հանդես եկած պատգամավորներին
- Մեր երկրում իրավական անվտանգությունը կոտրված է. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան