Փաշինյանի դեմքով արծաթե զարդեր վաճառող սիրիահայը գոհ է վաճառքի ծավալներից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարներին ներկայացնելու համար գերատեսչություններ գնաց ոտքով։ Նա Հյուսիսային պողոտայով անցնելիս զրուցեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի մասնակիցների հետ։ Նրան ուղեկցում էր նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։
Վարչապետի՝ ինչպե՞ս եք հարցին ի պատասխան, Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք ու տղամարդիկ ասում էին՝ լավ են, տրամադրություններն էլ բարձր է։ Տոնավաճառին ներկայացնում են ինչպես Հայաստանում ստեղծած սեփական արտադրանքը, այնպես էլ Սիրիայից ներկրվածը։
Փաշինյանը զարդեր վաճառող մի տղամարդուց հետաքրքրվեց, այս տարի տուրիստների հոսք զգացվե՞ց։ «Կարծում եմ, անցած ամառ ավելի լավ էր։ Տուրիստ կար, բայց վաճառքն անցած տարի ավելի լավ էր»,-ասաց սիրիահայ արծաթագործը։
Մյուսն էլ հակառակը պնդեց՝ Վերնիսաժում է իր պատրաստած զարդերը վաճառում, այս տարի լավ առևտուր է արել։
«Արդեն երեք տարի եղավ, որ էս գործով եմ զբաղվում։ Էս տարի շատ լավ էր, ըսենց շարունակվի շատ լավ կլինի»,-ասաց հարևանությամբ կանգնած սիրիահայը, ով վաճառում էր Նիկոլ Փաշինյանի դեմքով արծաթե կախազարդեր՝ «Դուխով» գրությամբ։
Փաշինյանը նկատեց, պատճառը մենեջմենթն է, պետք է հասկանալ, թե ինչն է ավելի լավ վաճառվում։
Լրագրողները հետաքրքրվեցին, հաճելի՞ է տեսնել իր դեմքով զարդեր, Փաշինյանն արձագանքեց. «Ոչ հաճելի է, ոչ էլ տհաճ է։ Եթե օգնում է, որ մարդիկ ավելի շատ օգուտ ստանան, եկամուտն աճի, բարեկեցիկ ապրեն, հաճելի է, եթե չի օգնում, ուրմեն հաճելի չէ»։
Տոնավաճառի մասնակիցներից շատերը փորձեցին կառավարության ղեկավարի պաշտոնակատարին իրենց ձեռքով պատրաստած գործերից նվիրել։ Փաշինյանը ներողություն խնդրեց բոլորից ու ոչինչ չընդունեց։ Նրանցից մեկը ստիպելով դրոշ կապեց վզին։
Սիրիահայերից մեկը վարչապետի պաշտոնակատարին խնդրեց, սիրիահայ սկսնակ գործարարներին երկու տարի ազատել հարկերից։
Փաշինյանն ասաց, որ հարկային օրենսգրքում փոփոխություններ են անում, փոքր բիզնեսն ազատվելու է հարկերից։