Հայաստանը պետք է ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի. Փաշինյան
«Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային»։ Այս մասին նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:
«Մենք խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքն այնպես և նաև հայտարարում ենք այդ մասին, որ Հայաստանը, պայմանական ասած, ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի, բայց սա որևէ կերպ չի նշանակում, թե գյուղատնտեսության ոլորտի դերը կարելի է թերագնահատված համարել»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Փաշինյանը։
Նա նաև անդրադարձել է վերջերս Արարատի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում արձանագրված որոշ խնդիրների՝ նշելով. «Արարատի մարզի մի շարք գործարաններում, օրինակ, մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել, մթերել ազնվամորի, թութ, հոն, այլ մշակաբույսեր ու նաև այնպիսի տեսակներ, որոնք վայրի բնության մեջ են աճում: Եվ կան մարդիկ, ես դրանով հատուկ հետաքրքրվեցի, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել այդ գործարանների հետ, և արդեն տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով աշխատում են դրանց հետ, այսինքն՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերից հավաքում են այդ մշակաբույսերը և բերում են մթերման: Սա վկայում է այն մասին, որ գործունեության այս տեսակը շահութաբեր է»:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ է խոսվում Հայաստանում գործազրկության և աշխատատեղերի բացակայության մասին:
«Այո, այդ պրոբլեմը կա, բայց մենք, նախ, մեր երկրում հենց այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, և երկրորդը, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում: Մենք այս ուղերձը շատ հստակ մեր երկրի քաղաքացիներին պետք է հղենք, որովհետև երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ միայն կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները: Որևէ խնդիր չի լուծվի, եթե չկա քաղաքացի-կառավարություն-հանրություն համագործակցություն, եթե յուրաքանչյուրս չի անում իրենից կախվածը, որպեսզի քայլ անի որևէ խնդրի լուծման ճանապարհին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մտածել, որ կառավարությունն ավելի լավ կհոգա որևէ ընտանիքի բարեկեցության մասին, եթե այդ ընտանիքն ինքն առնվազն իրենից կախված առավելագույնը չի անում իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և մենք պետք է միասին համագործակցելով աշխատենք և տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աջակցի, որպեսզի տնտեսական այս ցիկլի, այս հնարավորությունների մասին մարդիկ իմանան», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գյուղմթերքը ներմուծվում է նաև արտերկրից, և քանի որ արտադրության ծավալները մեծանում են, շուկաները ընդլայնվում են, պետք է համախմբված աշխատել՝ տեղական շուկան զարգացնելու, վերամշակող արդյունաբերության ու արտադրության համար անհրաժեշտ պահանջարկը բավարարելու, ինչպես նաև ոլորտի առջև դրված մյուս խնդիրները լուծելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան