Աշոտյանի նամակը Փաշինյանին. Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորը գործադիր մարմնի ղեկավարին նաև պաշտոնապես է նամակ ուղարկել։
Աշոտյանը նշում է, որ վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն է ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը:
«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:
Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank)»,-գրել է Աշոտյանը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը մանրամասնում է, որ 2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների ՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը:
«Մատնանշեմ, որ կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս գործունեության դադարեցման համար:
Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ:
Պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ վերանայել Ձեր մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար»,-նամակը եզրափակում է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք. Կարեն Կարապետյան
- Հաստատել է Գագիկ Հարությունյանի թեկնածությունը` «Նորավանք»-ի տնօրենի պաշտոնում
- 25 ամսագիր և 5 գիրք. «Նորավանք»-ը հաշվետվություն է ներկայացրել
- Ի՞նչ է արել «Նորավանք»-ը. Հաշվետվություն վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները