Արիանա Կաոիլին 1900 կմ հեծանվային ճամփորդության և հայ մանուկներին օգնելու մասին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ, շախմատիստուհի Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, սկսել է երկշաբաթյա հեծանվարշավ Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Նա հեծանվով անցել է 1900 կմ։
Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք էր իրականացրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կաոիլին նշեց, որ իր նպատակն է հավաքել 10 հազար ԱՄՆ դոլար, որը կծառայի գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը։
Արիանայի խոսքով՝ իր համար հոգեհարազատ է «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» ու այն հնարավորություն է ընձեռում գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակն ու մեծ նվաճումներ արձանագրել։
Նա մանրամասնեց, որ հավաքվելիք 10 հազար ԱՄՆ դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Ձորական գյուղերի զարգացման համար։ «Մենք դեռ պետք է հավաքենք 4 հազար դոլար, շարունակելու եմ աշխատել, որպեսզի հասնենք մեր նպատակին։ Ես հայրենասեր եմ, չնայած, որ ազգությամբ հայ չեմ, բայց ուզում եմ ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում»։
Նա պատմեց, որ իր հիացմունքը Հայաստանի մասին սկսվել է դեռ յոթ տարեկանից, երբ կարդացել է Դեյվիդ Լայնի գիրքը՝ Հայաստանի մասին, այդ հիացմունքի վրա ազդեցություն է ունեցել նաև այն, որ նրա շախմատի մարզիչը հայ է եղել. «Հայի առաջին անգամ հանդիպել եմ, երբ ինը տարեկան էի, միշտ հետաքրքրված էի այս տարածաշրջանով, այնուհետև ծանոթացա Լևոնի հետ։ Իմ թեկնածուական թեզը գրել եմ նաև Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների մասին»։
Լուսանկարները՝ Արիանա Կաոիլիի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի
- Արիանա Կաոիլի. «Հայերն ամեն ինչում ոգի են դնում, շախմատը բացառություն չէ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները