Քաղաքացուն պետք է հնարավորություն տալ ընտրել, թե որ բանկային հաշվի վրա ԴԱՀԿ-ն կալանք դնի. Գորգիսյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի նհեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։
Հեղինակը նշեց, որ գործող իրավակարգավորման համաձայն, եթե քաղաքացու դրամական հաշիվների վրա ԴԱՀԿ-ն կալանք է դնում ինչ-որ գումարի համար, ապա համակարգը մեխանիկորեն կալանք է դնում բոլոր բանկերում ունեցած նրա հաշիվների վրա։ Այս օրինագծով պատգամավորն առաջարկվում է, որ եթե որևէ բանկում կան բավարար միջոցներ, արգելանք դրվի այդ հաշվի վրա, և մնացած հաշիվները դուրս գան կալանքից։
«Քաղաքացին կարող է տասը բանկերում հաշիվ ունենալ, ԴԱՀԿ-ն չգիտի, թե որ բանկում որքան գումար կա և չունի հնարավորություն ճշտելու, եթե այդտեղ փոփոխություն լինի, ԴԱՀԿ-ն կարող է կալանք դնել կոնկրետ բանկում առկա հաշվի վրա։ ԴԱՀԿ-ն հարցում է անում բանկերին, և որ բանկը առաջինը պատասխանում է, որ քաղաքացին տվյալ բանկում բավարար միջոցներ ունի, կալանքը դրվում է այդ հաշվի վրա, և մնացածը ավտոմատ դուրս են գալիս համակարգից»,- նշեց պատգամավորը։
Հարակից զեկուցող պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ նկատեց, որ գործող օրենքը իրավակիրարկ պրակտիկայի անհաջող դրսևորումներից է, ինչն էլ ստիպել է պատգամավոր Գորգիսյանին նման առաջարկով հանդես գալ. «Ես էլ եմ կարծում, որ առնվազն ԴԱՀԿ-ի և բանկերի համար ողջամիտ ժամկետ սահմանենք, որ լիարժեք գործարկվի, նաև քաղաքացուն բանկի ընտրության հնարավորություն տալը տրամաբանական է, եթե քաղաքացին գրավոր դիմումով ինքն է ներկայացնում արգելանք դնել այսինչ բանկի վրա, ԴԱՀԿ-ն կարող է իրագործել»։
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս կարևորեց ներկայացվող օրինագիծը. «Մարդուն պետք է հնարավորություն տալ, որպեսզի իր նյութական միջոցները կարողանա ճիշտ ղեկավարել, ու չլինի այնպես, որ օրինակ պայմանական 10 հազար դրամի պարտավորութան պատճառով քաղաքացու ամբողջ հաշիվների վրա կալանք դրվի»։
ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այս օրենսդրական նախաձեռնության անհարժեշտությունը կառավարությունը տեսնում է, սակայն տեխնիկական հարցերը կարգավորելու համար ժամկետների խնդիր կա, և մոտ հինգ ամիս է հարկավոր, որպեսզի օրենքը այս տեսքով գործի։
Գևորգ Կոստանյանն առաջարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ քննարկել փոփոխությունները։ Օրինագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը և կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները