Թբիլիսիում Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով տեղի է ունեցել դատական նիստ
Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, Վիրահայոց թեմի կողմից Հանրային Ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում տեղի է ունեցել Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով հետաձգված դատական նիստը: Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։ Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի պաշտոնալան կայքից։
Նիստում դատարանը քննարկել է կողմերի ճանաչման հարցը և վճռել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը իրավամբ ներկայացնում է շահագրգիռ կողմ նշված հարցի կապակցությամբ:
Վիրահայոց թեմի երկրորդ հայցապահանջը, որը քննարկվում է որպես առանձին գործ, էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ է: Դատական գործընթացի մասնակից 3-րդ կողմի՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջնորդությամբ, գործի էական քննարկումը դադարեցվել է երկու հայցապահանջները որպես մեկ ամբողջական գործի մաս քննարկելու առաջարկությամբ: Հայցվոր կողմը համաձայնել է սույն միջնորդությանը: Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին:
Հարցի պատմությունը. 2018 թվականի հունվարի 5-ին Վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ Վրաստանի հանրային ռեեստրի ազգային գործակալության և էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության: Թեմը գտնում է, որ 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցելով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին, Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:
Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է` այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության
- Վրաց մշակութաբան. Շամխորեցոց եկեղեցին բացառիկ պատմական հուշարձան է
- Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ
- Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու տակի շինության մասը սեփականաշնորհվել է քաղաքացու կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները