Մենք «գրավյալ», վերադարձի ենթակա տարածքներ չունենք, և Միլսը գիտի, որ տարածքային զիջումների պատրաստ չենք. քաղաքագետ
Երեկ evnreport կայքին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման թեմայով, հայտարարել էր՝ «դառը իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»։
«Գրավյալ տարածքների» վերադարձի մասին նախկին դեսպանի գնահատականի շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։
«Իհարկե, հասկանալի է, որ մենք «գրավյալ», վերադարձի ենթակա տարածքներ չունենք։ Կարևոր է նշել այն փաստը, որ Ռիչարդ Միլսն ինքը գիտի, որ հայ ժողովուրդը տարածքային զիջումների պատրաստ չէ։ Նա այդ մասին ֆիքսում է, ասում է, որ Հայաստանում ժողովուրդը պատրաստ չէ տարածքային զիջումների։
Վստահ եմ, որ եթե Միացյալ նահանգների դիվանագիտությունը հանրային կարծիքն ուսումնասիրի նաև Ադրբեջանում, կտեսնի, որ այնտեղ էլ պատրաստ չեն հայկական կողմին զիջումներ կատարել։ Իրականում Միացյալ նահանգների կառավարությունը լուծումներ է առաջարկում, որոնց դեմ են և հայ, և ադրբեջանցի ժողովուրդները։ Դա ցույց է տալիս, որ նրանք այդքան էլ լավ չեն գնահատել տրամադրվածությունները և հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Համենայնդեպս, դեսպանի հայտարարությունից այդպես է երևում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ճշգրտող հարցին՝ ստացվում է, որ Միլսն իրականությունից կտրված գնահատականնե՞ր է հնչեցրել, քաղաքագետը պատասխանեց՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ նա փորձում է խոսել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում՝ առանց գիտակցելու, որ այդ փաստաթղթերը վաղուց այլևս չեն գործում։
«Մադրիդյան սկզբունքները վաղուց չաշխատող փաստաթուղթ են։ 2013 թվականի վերջից դրանք, ըստ էության, չեն գործում։ Դրա համար էլ մենք անընդհատ կանգնում ենք նման խնդիրների առջև։ Տարբեր դիվանագետների գնահատականները տարընթերցումների առիթ են տալիս, հակամարտության կողմերը մերժում են դրանք։ Մնում է դիալոգը, որն անպտուղ է և անհեռանկար։ Բացի նրանից, որ ԱՄՆ դեսպանն ասում էր՝ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն, նա նշում էր Ամերիկայի այն մոտեցումը, որ հակամարտությունը Հայաստանում կոռուպցիոն ռիսկեր է ծնում։ Սակայն այս հարցերը միմյանց հետ կապակցելը միանգամայն անընդունելի է, և կարծում եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը՝ պաշտոնական Երևանը, պարզապես պարտավոր է խստագույնս արձագանքել դիվանագետի այդ գնահատականներին՝ հասկացնելու, որ հայկական կողմը չէ մեղավոր, որ հակամարտությունը շարունակվում է։ Սրանք տարբեր խնդիրներ են, և ամերիկացիների կողմից դրանց փոխկապակցելու փորձերն իսկապս անընդունելի են»,- ամփոեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայան
- Ռիչարդ Միլս․ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան