Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծվել է և ամբողջական վերականգնումից հետո վերաբացվել այցելուների համար։
«Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը հնարավոր դարձավ բարերարների այն խմբի շնորհիվ, ովքեր համախմբվել են IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շուրջ։ Առանց նրանց ջանքերի այս սրբազան գործը հնարավոր չէր լինի իրագործել։ Այս ուրախալի օրը հնարավոր դարձավ նաև շինարարների, նախագծող ճարտարապետների տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ շնորհավորելով հավաքվածներին և տաթևացիներին եկեղեցու վերականգման և վերաօծման առթիվ։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI դարի 80-ականների վերջում՝ հնագույն վանական դամբարանի վրա խոյացող պարսպի վրա։ Անցած դարում եկեղեցին երկու անգամ տուժել է. 1931 թվականին վնասվել է երկրաշարժից, իսկ 1968-ին` քանդվել նոր սեյսմիկ ցնցումներից։
IDeA հիմնադրամի փոխանցմամբ՝ աշխատանքների արդյունքում վերականգնվել և նախնական տեսքի է բերվել եկեղեցու թմբուկը և գմբեթը, փոխվել են եկեղեցու ծածկասալերը, քարտեզագրվել են եկեղեցու ճաքերը։ Ամբողջությամբ վերանորոգվել է եկեղեցու առաջին հարկաբաժինը և տանիքը։ Լուծվել է եկեղեցու ջրահեռացման և ջրամեկուսացման խնդիրը, որի պատճառով առաջ տեղումներից գոյացած ջրերը լցվում էին եկեղեցու առաջին հարկ՝ առաջացնելով նոր ճաքեր։
Վերականգնման աշխատանքներին զուգահեռ IDeA հիմնադրամը գործընկեր գերատեսչությունների հետ շարունակում է Տաթևի վանքը և Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հայտի նախապատրաստումը։ Այս աշխատանքին կցվել են ոլորտի առաջատար մասնագետներ և միջազգային փորձագետներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները