Նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում
«Իրականում շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից Թումոյի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը»,- այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողության ժամանակ։
«Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց Թումոյի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները և մայրաքաղաքները ևս վարակվեցին այդ մտքով և ցանկացան ունենալ իրենց թումոները»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ներկայումս նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:
«Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը այցելել էր Թումո, և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով: Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս Թումոյի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո․ Թումոն խանդավառել է ողջ Եվրոպան
- «Թումո Փարիզը» բացել է իր դռները Փարիզի երիտասարդների առջև
- Անն Իդալգո. Մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Հայաստանը ներշնչեց մեզ
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է