Արտոնություն՝ հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարությունը բավարարել է «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ալյումինե կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են հիմնականում հանքային և խմելու ջրի արտադրության մեջ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 784 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 27 աշխատատեղ՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 712 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 749 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստան:
Կառավարությունը նաև լրացում և փոփոխություն է կատարել մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Արմենիա վայն» գործարան և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը բավարարելու մասին որոշումների մեջ: Մասնավորապես, «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 3,4 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 144 նոր աշխատատեղ՝ 204 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն դրամի ներդրում:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գինեգործության և կոնյակագործության ոլորտի զարգացման հնարավորություններին, նշել է, որ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, քաջալերի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։
«Ընդհանուր առմամբ շատ լավ միտում է, որ մեր այսօրվա կառավարության նիստում մենք հիմնականում քննարկում ենք արտադրությանը վերաբերող ներդրումային ծրագրեր, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք գործարար դաշտի և բիզնեսի հետ համագործակցության դաշտ, այսինքն՝ շարունակում ենք խորացնել մեր համագործակցությունը: Առաջիկայում նաև մենք պետք է Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում լրջագույն քննարկումներ ունենանք բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ և կարողանանք հասնել ըստ էության ըմբռնման, թե մենք ինչ քայլերով պետք է գնանք առաջ, որպեսզի ոչ թե տարբեր, այլ նույն դիրքերում լինենք, նույն խնդիրը լուծելու նպատակն ունենանք՝ ուղղակի յուրաքանչյուրս մեր գործառութային դերերի կատարմամբ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: