Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու և ընդդիմություն դառնալու մտադրության մասին։
«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է այդ մասին մտածել»,-«Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք պատրաստվում է կուսակցություն հիմնել։
Նախկին նախագահի խոսքով, կուսակցության անունը սկզբունքային չէ։
«Ես հիմա ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լուրջ վակուում և ենթադրում եմ, որ երկրի շահերից է բխում այն լցնելը»,-ավելացրել է Քոչարյանը։
Պաշտոնաթող նախագահը նշել է, որ ինքը չի ձգտում բարձր պաշտոնի։
«Եթե նման ձգտում ունենայի, ապա տասը տարի չէի ապրի իմ մասնավոր կյանքով։ Իրավիճակը զարգանում է այնպես, որ հանգամանքները քեզ ներքաշում են գործընթացի մեջ, որոնց վրա չես կարող աչք փակել»,-մասնավորապես ասել է նա։
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, ՀՀ երկրորդ նախագահն ասել է, որ ուղղակի չի հասցնի։
«Ես անկուսակցական եմ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, ոչ թե վերականգնեմ երբևէ եղածը։ Ընդ որում ես ցանկանում եմ ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով։ Սովորաբար ո՞րն է լինում առաջին քայլը, երբ ցանկանում ես թիմ հավաքել։ Դիմում ես շրջապատում եղած այն մարդկանց, ում գիտես, ում հետ շփվել ես, աշխատել ես»,-նշել է նա՝ ավելացնելով, որ մտադիր է ներառել նոր, երիտասարդ, տաղանդավոր, էներգիայով լի մարդկանց։
Քոչարյանի խոսքով, իհարկե կլինեն նաև հին թիմից մարդիկ, որոնց ճանաչում է ու նրանց հետ աշխատել է։
«Բայց ամեն դեպքում պետք է հենվել նոր սերնդի մարդկանց վրա, ահա սա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է պետք»,-ավելացրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին