Transparency International-ը պահանջում է Ադրբեջանից կաշառված պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից
Միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը (TI) անհրաժեշտ է համարում հետաքննություն սկսել Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցի նկատմամբ, ով կասկածվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ։ Հետաքննության սկսման համար Բեռլինի դատախազությունից պահանջում են Շտրենցին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ինչպես DW–ին ասել է Transparency International-ի կառավարման խորհրդի անդամ Վոլֆգանգ Վոդարգը, Եվրոպայի խորհրդի փորձագետների ուսումնասիրությունը բավական հիմք է տալիս Կարին Շտրենցի կողմից կոռուպցիայի կասկածի համար։
Հաղորդվում է, որ Բեռլինի դատախազությունը հետաքրքրվել է Շտրենցի գործով, սակայն պատգամավորի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ կասկածները հիմնավոր չի համարել, որ հետաքննություն սկսի։ Ինչպես DW-ին ասել է դատախազության ներկայացուցիչը, Շտրենցի նկատմամբ գործը դադարեցվել է դեռ նախաքննության փուլում։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում կաշառված քաղաքական գործիչների շարքում էր հայտնվել նաև 2009-ից բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է եղել:
Շտրենցը նվազագույնը 15 հազար եվրո էր ստացել Ադրբեջանի շահերը սպասարկող գերմանական լոբբիստական ընկերության կողմից, որը պատկանում էր Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
Շտրենցի հետ կապված սկանդալից հետո նա չընդգրկվեց ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական լվացքատունը լսվում է ԵԽ հանձնաժողովում
- ԵԽԽՎ-ից հեռացվեցին նաև «Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորները
- Նոր բացահայտում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից կաշառված գերմանացի պատգամավորի մասին
- «Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից