Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի
«Հույս ունեմ, որ մեր կառավարության այն հատվածը, որը քաղաքականացված չէ, այս ժամանակը կօգտագործի կառուցողական նպատակներով», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
«Ըստ էության, մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և քաղաքական իրավիճակը աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ այդ ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, այլ, ընդհակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնա գործադիրի աշխատանքները։
«Այո, նախընտրական փուլ ենք թևակոխելու, բայց, մյուս կողմից, այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար։ Օգտվելով առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, դա շատ լավ ժամանակաշրջան է աշխատելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ կառավարության և պետական համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականաված, այս ժամանակը կօգտագործի կառուցողական նպատակներով։