Բենքսին պատրաստվել էր ոչնչացնել «Կարմիր փուչիկով աղջիկը» ամբողջությամբ
Բրիտանացի նկարիչ Բենքսիի գաղափարը «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) կտավի «ինքնաոչնչացման» ժամանակ չի իրականացվել ամբողջությամբ այնպես, ինչպես նախատեսված էր։ ՏԱՍՍ-ը գրում է, որ կտավի շրջանակի տակ տեղադրված թղթի շրեդերը (մանրատամ մեքենա), որը գործել է Sotheby's աճուրդում նկարի վաճառքից անմիջապես հետո, պետք է ամբողջությամբ ոչնչացներ նկարը, այլ ոչ թե մինչև մեջտեղի հատվածը։
Բենքսիի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է նկարի կրկնօրինակի դեպքում մեխանիզմն ամբողջությամբ աշխատել։
«Փորձարկման ժամանակ ամեն անգամ աշխատել է»,- նշվում է տեսանյութի մեկնաբանության մեջ, որտեղ ցուցադրված է նաև այն պահը, երբ հեռակառավարման վահանակի միջոցով մեխանիզմը գործի է դրվել։ Այն մարդը, ով սարքն աշխատացրել է, ամենայն հավանականությամբ, աճուրդի ժամանակ դահլիճում է գտնվել։
Ինսթագրամի իր էջում Բենքսին նաև հերքել է Sotheby's-ի մասնակցությունը տեղի ունեցածին։
«Որոշներն ասում են, որ իրականում նկարը չի կտրտվել։ Այն կտրտվել է։ Ասում են նաև, որ աճուրդային տունը դրանում մասնակցություն է ունեցել։ Դա այդպես չէ»,- գրել է նկարիչը։
Հիշեցնենք, որ Լոնդոնում Sotheby's աճուրդի ժամանակ, երբ հայտարարվել է որ նկարը վաճառվել է 1.042 եվրոյով, կտավն «ինքնաոչնչացվել» է շրջանակի տակ տեղադրված հատուկ մեխանիզմի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի կտրտված նկարի գնորդը չի հրաժարվի գործարքից
- Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը
- Բենքսիի կտավն աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է