Ամերիաբանկն առաջիկա 1-2 տարում փորձելու է թվայնացնել բոլոր ծառայությունները
Ամերիաբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը և սպասարկման որակի բարձրացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիաբանկ»-ի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ բանկի հաճախորդների թիվն արագ տեմպերով ավելանում է, ակնկալում են, որ այս տարի հաճախորդների բազան կրկնապատկվելու է։ «Դա մեզ համար առաջացնում է որոշակի մարտահրավերներ, քանի որ ցանկացած համակարգ նման աճի տեմպերում բավականին դժվար է կարողանում պահպանել և սպասարկման որակը, և օպերատիվ լուծել բոլոր առաջացնող խնդիրները։ Ուստի, այդ լրացուցիչ ծավալները մենք փորձում ենք սպասարկել հիմնականում թվային տեխնոլոգիաների միջոցով»,- ասաց Մանրածախ գործառնությունների գծով տնօրենը։
Ըստ Արման Բարսեղյանի՝ ընթացքի մեջ են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնցով փորձում են թվայնացնել գործընթացները, ինչը կբերի սպասարկման որակի բարձրացման, ինչպես նաև բանկում հերթեր չեն առաջանա։ «Թվայնացման գործընթացը շարունակելու ենք: Հիմա աշխատում ենք հիփոթեքային և ավտովարկերի թվայնացման ուղղությամբ: Բանկն առաջիկա 1-2 տարում փորձելու է թվայնացնել բոլոր ծառայությունները»,- ընդգծեց Ամերիաբանկի պաշտոնյան։
Նա միաժամանակ նշեց, որ թվայնացմանը զուգահեռ բացում են նաև նոր մասնաճյուղեր։ Առաջիկա ամիսներին նոր մասնաճյուղեր կբացվեն Նոր Նորքում, Երևանի կենտրոնում, նախատեսվում է նաև մասնաճյուղ բացել Աբովյանում: Այսպիսով, ըստ Արման Բարսեղյանի,մինչև մյուս տարվա մարտ ամիսը բանկը կունենա 3-4 մասնաճյուղ, որոնք կավելացնեն մասնաճյուղային հզորությունը մոտ 20 տոկոսով:
Նա նաև տեղեկացրեց, որ փոխել են որոշ մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկը՝ երկարացնելով աշխատաժամերը: «Ստացվում է, որ գործող մասնաճյուղն աշխատում է ևս 50 տոկոս լրացուցիչ հզորությամբ: Մասնավորապես, «Սայաթ Նովա»-ի և մոլերի մասնաճյուղերն աշխատում են ժամը 09:00-21:00-ն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է բանկոմատներին, ապա, ըստ Արման Բարսեղյանի, ամեն տարի «Ամերիաբանկ»-ի բանկոմատների քանակն ավելացնում են 15-20-ով. «Այդ տեմպը պահելու ենք։ Հաջորդ տարի նախատեսվում է բանկոմատների քանակն ավելացնել 20-25-ով»։
«Ամերիաբանկ»-ի Մանրածախ գործառնությունների գծով տնօրենն անդրադառնալով քարտային ծառայություններին՝ նշեց, որ դրանք անընդհատ փորձում են համալրել նոր հնարավորություններով:
Ըստ նրա՝ առաջիկա մի քանի շաբաթներին հաճախորդներին հասանելի կդառնա առանց կոնտակտի քարտերի ծառայությունը: Այն հնարավորություն է տալու հաճախորդին, քարտը պահելով տերմինալի համապատասխան հեռավորության վրա, գործարք կատարել։ «Դա հատկապես կկրճատի առևտրի կենտրոնների հերթերը, ծանրաբեռնվածությունը, կարագացնի սպասարկման գործընթացը։ Լինելու են նաև հատուկ ստիքերներ, որոնք ամրացնելով հեռախոսին, այն հնարավոր է մոտեցնել տերմինալին և կատարել վճարում»,- ընդգծեց Արման Բարսեղյանը։