Աշոտյան. Միլսի հայտարարության արձագանքները բացահայտեցին կարևորագույն մարտահրավերներ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությանը, նկատել, որ հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ:
Հիշեցնենք, Երևանից հեռանալուց առաջ ամերիկացի դիվանագետը հարցազրույց էր տվել ու կարծիք հայտնել, որ «ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»։ Դեսպանի հայտարարության մասին Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»։
Պատգամավոր Արմեն Աշոտյանն ընդգծում է.
«1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները:
2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման գործընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար մոտեցումները ոչ թե ինքնստինքյան են տրվել, այլ հայակական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք են եղել:
3. Հարցին անդրադառնալու հիմնական բեռը մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով իրեն յուրահատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը, վերագրելով այդ միտքը «գնացող դեսպանին»: Սա տակտիկապես հասկանալի հնարք է, բայց իրականության մեջ միայն բազմապատկում է հայ հասարակության անհագստությունները:
4. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր իշխանությունները չեն կարող անվերջ մնալ նոր մոտեցումների դիվանագիտական արտահայտման ամորֆ փնտրտուքի մեջ: Պատահական չէ, որ անգամ իշխանափոխությունից հետո ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանաձևերում նոր իշխանությունները նորից ստիպված են ապավինել մեր օրոք արած մշակումներին, օրինակը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Կոնֆլիկտների մասին ընդունված բանաձևն է:
5. Դեսպանի հայտարարությունը բացահայտեց նաև պետության քաղաքական դիմադրողականության անկումը, երբ մեկ ուժի տոտալ մենիշխանության պարագայում թուլացած են պատեհ պահին պետական շահերի պաշտպանության բեռը իրենց վրա վերցնելու պատրաստ ուժերի ռեսուրսները: Սա ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքական բազմակարծություն ունենալու կարևորությունը ապագա խորհրդարանում, ուժեղ արմատական ընդդիմությամբ, որը հարկ եղած դեպքում իր վրա կարող է վերցնել տարաբնույթ աշխարհաքաղաքական խաղերին հակազդելու ծանրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք «գրավյալ», վերադարձի ենթակա տարածքներ չունենք, և Միլսը գիտի, որ տարածքային զիջումների պատրաստ չենք. քաղաքագետ
- Կարելի է համարել հեռացող դեսպանի մեսիջ. վարչապետի պաշտոնակատար
- Ռիչարդ Միլս․ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ