Արթիկում որմնանկար է հայտնաբերվել
Արթիկի նախկին երիտասարդական պալատի շենքում, որը կառուցվել է 1950-ականներին, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է որմնանկար։ Շենքը երկար տարիներ փակ է եղել, այժմ ցանկանում են այն խանութ դարձնել, հենց շինարարներն էլ հայտնաբերել են նկարը։
Panorama.am-ը հետաքրքրվեց Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանից, թե ո՞ր թվականին է ստեղծվել որմնանկարը, ո՞վ է հեղինակը, հիմա ի՞նչ վիճակում է, ովքե՞ր են թաքցրել։
Նա նշեց, որ որմնանկարը ստեղծվել է մինչև 1960-ական թվականները։
«Նախկինում այնտեղ եղել է երիտասարդական պալատ և բար։ Շատերն են տեսել որմնանկարն այդ տարիներին։ Հետո ովքեր են նկարը պահել, հայտնի չէ։ Բայց շատ խնամքով են դա արել. լուսաթափանց կտորով փակել են, հետո արդեն դիմացը համապատասխան շինարարական նյութերով փակել»,- ասաց փոխմարզպետը։
Ս. Հովսեփյանի խոսքով, փորձում են հասկանալ, թե ով կարող է լինել հեղինակը, կասկածներ ունեն, թե ում ձեռագիրն է, սակայն հստակ չէ։ Դիմել է մշակույթի նախարարություն, ասել են, որ շուտով հանձնաժողով կկազմեն և կուղարկեն՝ հասկանալու սիրողական մակարդակի նկար է, թե իրապես մեծ արժեք ունեցող որմնանկար։ Նա ասաց, որ գույները, պատկերները պահպանված են, միայն հոսանքալարերի պատճառով որոշ մասերում պատկերներն ամբողջական չեն։
«Այդ ժամանակահատվածում շատ տարածված է եղել երիտասարդական պալատներում, մշակույթի տներում, ռեստորաններում որմնանկարները, անգամ հայտնի նկարիչներին պետական պատվերի շրջանակերում պատվիրել են որևէ նկար անել։ Արթիկում կան խոսակցություններ, որ նախկին նկարչական դպրոցի տնօրենի նկարն է։ Նա ապրում է Արթիկում, խնդրել եմ փորձեն իր հետ խոսել, եթե նա չէ, փորձեն պարզել, թե ով կարող է լինել»,- ասաց նա։
Այժմ շինաշխատանքնեը շարունակվում են։ Ս. Հովսեփյանն ասաց, որ խնդրել են պահպանեն այդ պատը, ձեռք չտալ, մինչև պարզվի որմնանկարի հետ կապված ամեն հարց։
Լուսանկարները տրամադրել է Ս.Հովսեփյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան