2019-ի ընթացքում ստվերային տնտեսության զգալի նվազում կամ հարկային վարչարարության աճ չի լինելու. տնտեսագետ
«2019 թվականի պետական բյուջեն կարելի է բնորոշել համեստ կամ գոյատևման, նախկին վարկերը փակելուն ուղղված բյուջե»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա նշեց, որ 2019-ի ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 614 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 149 միլիարդ դրամի չափով կամ 10 տոկոսի չափով։
Տնտեսագետը նշեց, որ 2018-ը 2017-ի նկատմամբ գրեթե նույն աճն էր արձանագրել։
«Մենք չունենք կտրուկ բյուջետային ծախսերի աճ, ինչպես նաև չունենք կտրուկ բյուջետային եկամուտների աճ, մասնավորապես հարկային եկամուտների գծով։ 2019 թվականի ընթացքում նախատեսվում է եկամտային մասն ավելացնել մոտավորապես 154 մլրդ դրամով, ինչը թույլ չի տա կրճատել ստվերային տնտեսությունը։ Այս թվի աճը հիմնականում պայմանավորված է 2019 թվականին ուժի մեջ մտնող, մասնավորապես ակցիզային հարկի դրույքաչափերի աճով ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, ինչպես նաև մոտ 4 մլրդ դրամի չափով նախատեսված է աճ ԵԱՏՄ-ից ստացվող մաքսային տուրքերի մասով, և հիմնական բյուջեի ծախսային կամ եկամտային մասի ապահովող գործոն է հանդիսանալու 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ձեռք բերվող մոտ 450 մլն դոլարի վարկային միջոցները»,- մանրամասնեց Պարսյանը։
Նրա խոսքով, եթե 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պարտքը լինելու է 7մլրդ 50 մլն դոլարի չափով, ապա 2019 թվականի դեկտեմբերին՝ 7, 5 մլրդ դոլարի չափով։
«450 մլն դոլարի վարկն ուղղվելու է նախկինում ձեռք բերված վարկային միջոցների մարմանը»,- ասաց նա։
Տնտեսագետն ասաց նաև, որ 2019 թվականի ընթացքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 20,7 տոկոս, այն դեպքում, որ 2018-ին դա կազմել է 21,6 տոկոս, իսկ այս նվազումը փաստելու է, որ 2019 թվականի ընթացքում ստվերային տնտեսության զգալի նվազում կամ հարկային վարչարարության աճ չի լինելու։
«Սա պետք դրդի, որ կառավարությունը վերանայի իր հարկային, մաքսային քաղաքականությունը և այնպիսի նոր հարկային քաղաքականություն առաջ քաշի, որը ՀՀ տնտեսության և պետական բյուջեի համար ապահովի կայուն եկամուտների աճ»,- հավելեց Սուրեն Պարսյանը։