Գագիկ Ծառուկյանը պետք է հրաժարական տա ԱՕԿ նախագահի պաշտոնից. Արթուր Գևորգյան
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը պնդում է, որ իր դեմ բողոքի ակցիաներն՝ այսօրվա բողոքի ակցիան ներառյալ, ուղղորդված են կոնկրետ անձի՝ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց այսօր տեղի ունեցած ակցիայի և ցուցարարների՝ իր ընտրության դեմ բողոքի մասին Panorama.am-ի թղթակիցը խոսեց վերջինիս հետ։
«Դուք չգիտե՞ք՝ ով է այս ամենը հրահրել, ով է հրահանգ տվել, որ այդ մարդիկ զբաղվեն նման բաներով՝ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա նման միջամտությունների համար պետք է հրաժարական տա Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասաց նա՝ հավելելով, որ հաջորդ քայլով իրենք Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական քայլերի են դիմելու։
Արթուր Գևորգյանի խոսքով, եթե բողոքողներն իր դեմ դժգոհություններ ունեն, ի վերջո կարող են դիմել դատարան։
«Բողոքողների թվում բռնցքամարտիկներ չկան, կան մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ զբաղվել են բռնցքամարտով։ Նրանք 4-5 հոգի են, աշխատել են նախկին ֆեդերացիայում, ներկա ֆեդերացիայի անդամ չեն հանդիսանում։ Ես հարյուր անգամ հուշեցի նրանց՝ եթե խնդիր կա, դիմեք դատարան, ֆեդերացիա բողոքեք, բողոքեք ինձ, մի նամակ գրեք, որ հասկանամ՝ ձեր բողոքն ինչում է։ Հիմա իրենք բողոքում են, բայց չգիտեն՝ ինչից են բողոքում և ինչ են ուզում, չեն կարողանում ձևակերպել»,- ասաց նա։
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը շեշտեց, որ ֆեդերացիայում դժգոհություններ չկան, ինքն այնտեղ հակառակորդներ չունի։
«Որևէ կարգի խնդիր չկա, մենք ամսի 22-ին Հայաստանի առաջնություն ունենք, բոլոր մարզիչներն ու մարզիկները տարված են իրենց աշխատանքով և պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որտեղ որոշվում են Հայաստանի հաղթողը, ազգային հավաքականը, և մարդիկ հնարավորություն են ունենում գնալ՝ մասնակցելու Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին»,- ասաց Արթուր Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Բռնցքամարտը մորթել են». բողոքի ցույց՝ Սպորտի նախարարության առջև
- Բռնցքամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներն ասուլիսը վերածել են «ռինգի»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան