«Բիզնես Արմենիա»-ն նախատեսում է այս տարի ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 45 մլն դոլարի
2018 թվականի հունվար-սեպտեմբերին «Բիզնես Արմենիա» հիմնադրամը կնքել է 5,9 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ ներկայացնելով հիմնադրամի աջակցությամբ 2018 թ. 9 ամիսների ընթացքում ապահովված ներդրումների և արտահանման արդյունքները:
Նրա խոսքով՝ ակնկալում են, որ 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը կհասցնեն 7 մլրդ դրամի:
Արմեն Ավակ Ավակյանը համեմատության համար նշեց, որ 2017թ-ին արտահանման պայմանագրերի ծավալը եղել է 5,7 միլիարդ դրամ:
Անդրադառնալով ներդրումներին՝ գործադիր տնօրեն ասաց, որ այս տարվա համար «Բիզնես Արմենիա»-ն թիրախավորել էր 46 մլն դոլարի ներդրում:: «Նշված ամիսների ընթացքում արդեն իսկ ունեցել ենք 17 մլն դոլարի ներդրում, ակնկալում ենք ևս 28 մլն դոլարի ներդրում, ինչը կկազմի 45 մլն դոլար: Այս տարվա համար նախատեսել էինք ապահովել 46 մլն դոլարի ներդրում, այսինքն՝ մենք շատ մոտիկ ենք լինելու մեր նախանշած թիրախին և, եթե մի քիչ էլ ագրեսիվ լինենք մեր թիմով, կարծում եմ, որ այդ ցուցանիշից էլ կանցնենք»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը:
Հարցին, թե արդյոք այդ թիրախին չհասնելը պայմանավորված է երկրում տեղի ունեցող փոփոխություններով, և եթե այդ փոփոխությունները չլինեին, ապա կգերազանցեին 46 մլն-ը, հիմնադրամի տնօրենը նշեց՝ թվերը փաստում են, որ իրենք իրականում հասել են այդ թիրախին:
Ինչ վերաբերում է քաղաքական վիճակին, Արմեն Ավակ Ավակյանը նշեց՝ տրամաբանական է, որ այդ իրավիճակը որոշակի առումով ազդում է ներդրողի որոշման վրա. «Սպասողական վիճակ միշտ լինում է ցանկացած երկրում ցանկացած ընտրություններից առաջ: Օբյեկտիվ իրականություն է: Եթե դուք էլ լինեիք ներդրող և ձեր գումարը ներդնեիք ֆինանսական ռիսկի տակ՝ իմանալով երկու ամիս հետո տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և երկու ամիսը ձեր եկամուտների և շահույթի վրա տաք ու սառը չի անելու, ապա կսպասեք երկու ամիս էլ, հետո նոր ներդրում կանեք: Պարզ տրամաբանություն է»:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճ է նկատում: Խոսքը, ըստ նրա, հատկապես վերաբերում է սփյուռքահայերին: Սակայն, ըստ նրա, մինչ այդ հետաքրքրությունը դառնում է ներդրում, առնվազն 6 ամիս է պահանջվում:
Հիմնադրամի գործադիր տնօրենը հայտնեց, որ ներդրողները հիմնականում հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, զբոսաշրջությամբ և գյուղատնտեսությամբ, ինչպես նաև՝ դեղագործությամբ: