Գագիկ Հարությունյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է
«Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է»,-ասել է Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Կառավարությունից հայտնում են, որ Գ. Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարևորությունը և շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է:
Ըստ աղբյուրի, անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է կրում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը:
Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության և ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
- Արարատ Միրզոյան. Գիտակցում ենք մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը
- Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան