Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն»
Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր հետ պատահածն էժանագին սադրանք է որակում։
«Որոշ բախտախնդիրներ,թաքցնելով իրենց ով լինելը և հանդես գալով այլ մարդու անունից՝շանտաժի միջոցով անակնկալի բերեցին ինձ, քանի որ ես որևէ շտաբից որևէ ցուցում չեմ ստացել, առավել ևս դպրոցում քաղաքական որևէ հարց չի քննարկվել։ Իսկ ինչ վերաբերում է Սևակ Միքայելյանի քարոզարշավին իմ մասնակցությանը՝ասեմ,որ ես մասնակցել եմ որպես շարքային քաղաքացի,օրն էլ ոչ աշխատանքային էր։ Սա էժանագին սադրանք էր...»,-տարծաված ձայնագրությանն արձագանքել է նա։
Մարզպետ Ռոմանոս Մելիքյանն էլ հայտարարել է, որ Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ նա բազմիցս հայտարարել է, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն և հեռու մնան կոռուպցիոն ցանկացած երևույթից:
«Ինձ համար անընդունելի է քաղաքական որևէ գործընթացում որևէ ուսումնական հաստատության ներգրավումը, և այսօր իմ պահանջով` դպրոցի տնօրենը ներկայացրեց` նշված ձայնագրության բովանդակության մասին բացատրություն: Ըստ ներկայացված գրության՝ տնօրենը կարծել է, թե իր հետ կատակում են և պատասխանել է նույն կերպ «անլուրջ»,- նշել է մարզպետը:
Վերոնշյալը չի ժխտում տնօրենի մասնակցությունը կամ պատրաստակամությունը` նախընտրական քարոզարշավին ներգրավել վարչական ռեսուրսներ և լծակներ:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Հ.Թումանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։
Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել են, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել է ներգրավել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։