Նոր ԸՕ նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կառավարության հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հանձաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը գործընկերներին հորդորեց հարցին անդրադառնալ ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ իրավական հարթությունում։
«Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը և Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը»,- նշեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց, որ փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար՝ նախատեսված 5-ի փոխարեն 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ գործող 7-ի փոխարեն 6 տոկոս, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ գործող 25 տոկոսի փոխարեն նախատեսելով 30 տոկոս, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ժամանակ բոնուսային համակարգի վերացում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, որ «եթե սահմանվում է պարտադիր չորս խմբակցության առկայություն, ապա եթե ենթադրենք՝ տեսականորերն չորրորդ քաղաքական ուժը չի մասնակցում, այդ դեպքում ԱԺ ընտրություններ կայանալու՞ են, թե՞ ոչ»:
Զեյնալյանը պատասխանեց, որ դրա լուծումը տրված չէ, բայց առկա է տարբերակ, որ նորից է հայտարարվում գրանցում և հիմա կարող են քննարկել, թե ինչ է տեղի ունենում, երբ երեք կուսակցություն է գրանցվում: «Այս պահին գործնական նշանակություն դա այս ընտրություններին չունի, քանի որ տեսանք ավագանու ընտրություններին ինչպիսի ակտիվություն եղավ պայմանավորված իրավիճակով: Կարող ենք քննարկել, թե արդյոք այդ տեսական լուծումը տանք այս փոփոխություներում, եթե գտնենք, որ այն ոչ միայն տեսական, այլ գործնական նշանակություն ունի»։
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ հետարքրքվեց տեսանկարահանման հանգամանքներից։
«Տեսանկարահանող սարքերը, իմ խորին համոզմամբ, կարևոր նշանակություն ունեցան հետևյալ տեսակետից: Երբ ընտրական գործընթացը կամ ընտրական ցանկացած փուլ տեսանկարահանվում է, հարգելի գործընկերներ, դա իր մեջ ունի ինչպես ընտրական խախտումների կանխարգելիչ բնույթ, այնպես էլ միաժամանակ ապացուցողական նշանակություն: Այսինքն՝ ցանկացած ոք, ով կուզենա հաստատված համարել կամ հերքել այս կամ այն փաստի առկայույթյունը, տեսանակարահանումը դիտվում է որպես օբյեկտիվ ապացույց այս կամ այն փաստի հերքման կամ հաստատման համար»:
Նրա խոսքով՝ մշտադիտարկման մի կայուն գործիք այս ԸՕ նախագծով դուրս է եկել:
Արտակ Զեյնալյանը արձագանքեց, որ տեսախցիկի ֆիքսված լինելու մասով Գևորգ Կոստանյանի դիտողությունն իրենց համար ընդունելի է։
«50 կամ 10 մետր շառավղով տեսագրությունն այս պահի դրությամբ տեխնիկապես անիրագործելի է, այն անիրագործելի է եղել նաև նախորդ ընտրությունների ժամանակ՝ 2017-ին, դրան հաջորդող ընտրություններին: Գուցե դա հնարավոր լինի անել դրոնների միջոցով, բայց այս պահին դրա հնարավորությունը մենք չունենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Կոստանյանն էլ հավելեց, որ տեղամասը, մուտքը պետք է լինեն այնպիսի մշտադիտարկման տակ, որպեսզի հնարավոր լինի ֆիքսել կուտակումները, դրանց բացակայությունը:
Օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Հարակից հրապարակումներ`
- Հեռու եմ այն մտքից, որ այս նախագծում լուծում են ստացել շատ-շատ խնդիրներ. ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի անդամ
- Եթե մեզ համար սկզբունքային կետերը ընդունվեն, մենք կողմ կքվեարկենք ԸՕ օրինագծին. Վահե Էնֆիաջյան
- Իշխանությունը հապճեպությամբ բերում է ԸՕ նախագիծը, որպեսզի այն չանցնի և դառնա քարոզչության հերթական առարկա. Սարգսյան
- Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններին
- Լենա Նազարյան. ԵԽԽՎ նախագահի մտահոգությունը վերաբերում էր ԸՕ-ին և ընտրությունների ժամկետին
- ՀՀԿ-ն «ոչ» է ասում ԸՕ-ն «սղղցնելու» փորձերին. Արմեն Աշոտյան
- «Ժառանգությունն» աջակցում է վերամշակված ԸՕ-ի նոր հայեցակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին