Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Panorama.am-ին Վենետիկի հանձնաժողովի մամուլի քարտուղարի տրամադրած հայտարարության մեջ ասվում է․
«Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի քննարկումների արդյունքում Վենետիկի հանձնաժողովը ընդունում և աջակցում է այն խաղաղ ճանապարհին, որով հայ ժողովուրդը առաջ է տանում փոփոխությունները։ Ընդունում է Հայաստանում առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղաժամ ընտրությունների անցկացում։
Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանել միջազգային չափանիշները՝ ընտրական օրենսգրքի վերնայման ժամանակ։
Նշում է, որ առաջարկված փոփոխություններն ունեն լեգիտիմ նպատակներ ու հիմնականում դրական են թվում։
Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են քվեարկության իրավունքի դյուրացման համար, լրատվամիջոցների հասանելիությունը, դիտորդների իրավունքները և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի թափանցիկությունը ընդլայնելու, ինչպես նաև ընտրական կեղծարարության դեմ պայքարելու համար։
Ողջունում է առաջին փուլից հետո դաշինքների կազմելու մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի առանցքային առաջարկությունների։
Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի մյուս առաջարկությունների իրականացումը՝ մասնավորապես,
- ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման նվազեցումը, ընտրական գրավի գումարի նվազեցումը։
- Դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետների նվազեցումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացումը, ինչպիսին է նրանց թվաքանակի սահմանափակման հնարավորությունը։
- զինված ուժերում ազատ քվեարկության ապահովման երաշխիքները։
Հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ կապված ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների հետ, ինչպիսիք են տարածքային (ռեյտինգային) ցուցակների վերացումը, որոնք պետք է կատարվեն ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։
Նշում է նաև, որ այս վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։