Եվրամիության բնակչության 22.5%-ն աղքատության շեմին է
2017 թվականին Եվրամիության պետությունների բնակիչների 22.5%-ը կամ 112,9 մլն-ը հայտնվել են աղքատության կամ սոցիալական մեկուսացման եզրին: Այս մասին նշված է Եվրոստատի զեկույցում:
Եվրոստատի հաշվարկի մեթոդիկան հիմնվում է 3 համալիր չափանիշների վերլուծության հիման վրա: Առաջինը իրական եկամտի մակարդակն է, երկրորդը՝ սեփական բնակության վայրում նյութական բարիքների՝ սննդամթերքի, բնակվարձի, էլեկտրականության ու ջեռուցման համար յուրաքանչյուր ընտանիքի վճարելու կարողությունը, երրորդը՝ զբաղվածության ցածր մակարդակը:
Ըստ զեկույցի՝ 2009-2012-ին ԵՄ-ում ծայրահեղ աղքատության կամ մեկուսացման մեջ գտնվողների շուրջ 25 տոկոս ցուցանիշը տարեցտարի նվազում է՝ 2017թ-ին հասնելով 22,5%-ի: Դա 1.2 տոկոսով ցածր է 2008-ի վերահսկիչ կետից և 1 տոկոսով՝ 2016-ից:
Այսպիսով, ԵՄ ամենաաղքատ պետությունը համարվել է Բուլղարիան, որտեղ աղքատության շեմին է գտնվում բնակչության 38,9%-ը, երկրորդ տեղը կիսել են Ռումինիան (35,7%) ու Հունաստանը (34,8%): Ամենաբարեկեցիկ երկրներ են համարվել Չեխիան (12,2%), Ֆինլանդիան (15,7%), Սլովակիան (16.3%), Նիդերլանդները (17%), Սլովենիան և Ֆրանսիան (17.1%), ինչպես նաև Դանիան (17.2%):
Զեկույցի համաձայն՝ 2008 թվականից ի վեր ԵՄ 6 երկրում աղքատության ռիսկն աճել է: Ամենամեծ աճը նկատվում է Հունաստանում (+ 6.7%), Իտալիայում (+ 3.4%), Իսպանիայում (+ 2.8%), Նիդեռլանդներում (+ 2.1%), Կիպրոսում (+ 1.9%) և Էստոնիայում (+ 1.6%): Ամենամեծ անկումը գրանցվել է Լեհաստանում (-11%), Ռումինիայում (-8.5%), Լատվիայում (-6%) և Բուլղարիայում (-5.9%):