Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտումներն աճել են. Աշոտ Մելիքյան
«Մեզանում սովորաբար ընտրությունների ժամանակ հետխորհրդային շրջանում իրավիճակը շատ լարված էր լինում, ավելանում էին նաև տարատեսակ ճնշումները, հարձակումները լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, սակայն այս վերջին ընտրությունները շահեկանորեն տարբերվեցին նախորդներից լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2018թ. երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:
Նա նշեց, որ նույնիսկ հանգիստ ընտրությունների ժամանակ արձանագրվել է մեկ ֆիզիկական բռնության և մեկ մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստ։
«Բայց, ամեն դեպքում, եթե համեմատում ենք նախորդ՝ 2017 թվականի մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրությունների հետ, նկատում ենք, որ այն ժամանակ այդ տիպի խախտումները շատ ավելի շատ էին, հենց քվեարկության օրը երկու ֆիզիկական բռնություն էր արձանագրվել և 5 խոչընդոտման դեպք»,- ասաց Ա. Մելիքյանը։
Համեմատելով երկրորդ եռամսյակի հետ, երրորդ եռամսյակում, նրա խոսքով, նկատելիորեն նվազել են լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների ընդհանուր քանակը՝ 54-ից իջել է 37-ի։ Ա. Մելիքյանն ասաց, որ որոշ խախտումների տեսակներ ավելացել են. «Օրինակ, ֆիզիկական բռնությունների առումով՝ երկրորդ եռամսյակում գրանցվել էր 19 դեպք, երրորդ եռամսյակում՝ 2 դեպք, լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների առումով՝ երկրորդ եռամսյակում 23 դեպք, երրորդում՝ 13 դեպք։
Բայց ահա տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտումների առումով աճ ենք գրանցել։ Եթե երկրորդ եռամսյակում 12 դեպք էինք արձանագրել, երրորդում՝ 22 խախտման փաստ է արձանագրված»։
Ա. Մելիքյանն ասաց, որ հետհեղափոխական շրջանում, հատկապես արտահերթ ընտրությունների ժամանակ առավել ցայտուն երևաց, որ հայաստանական լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկատվության տրամադրման հարցում ավանդաբար ակտիվ են Լոռու, պասիվ՝ Արագածոտնի համայքապետերը. զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան