Իրավապաշտպան. Գևորգ Հարոյան. Մահվան մի սարսափելի պատմություն
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տեղեկացնում է՝ նախօրեին այցելել են հոկտեմբերի 1-ին սպանված զինծառայող Գևորգ Հարոյանի ընտանիքին, որն ապրում է Գյումրիում։
«Մահվան մի սարսափելի պատմություն, որը բացահայտում է, առնվազն մի ամբողջ զորամասի պատկերը, թե ինչ անպաշտպան է եղել Գևորգը, ու նաև իր ընտանիքը այդ զորամասի բարքերի առաջ, թե ինչպես կարելի է զինվորին ամեն օր ծեծել, նսեմացնել, ստորացնել, ապա սպանել ու որակել ինքնասպաություն՝ ծաղրի ենթարկելով ընտանիքին։
Ինչ անտարբերություն ու բռի մթնոլորտ է տիրել այդ զորամասում, որ երկու ամիս առաջ զորակոչված տղան 10 կգ-ից ավել նիհարել է, գտնվել է հոգեբանական ծանր վիճակում և որևէ մեկը հրամանատարական կազմից դա չի նկատել։
Գևորգը ծնողներին պատմել է, որ դժոխային ծառայության մեջ է, բայց թույլ չի տվել միջամտել։ Եվ սա համատարած է։ Ի՞նչ է արել պաշտպանության նախարարը կոնկրետ այս դեպքի հետ կապված։ Հրամանատարական կազմը շարունակում է անպատիժ ապրել մինչև հաջորդ դեպքը և այդպես շարունակ»,-նկարագրել է Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Արցախի ՊԲ-ն Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել։
Ըստ այդմ, հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, շարքային Գևորգ Հարոյանը վաշտի զինանոցում մաքրության կատարելու ընթացքում համածառայող Գ. Հ. Ց.-ին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախակողմյան հատվածում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ին մահացել է:
«Կատարված նախնական և անհետաձգելի գործողությունների արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ Գևորգ Հարոյանը մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում:
Փաստի առթիվ 01.10.2018թ-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդ օրերին, նույն վաշտի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մ. Չ.-ի (Արմավիրի ԶԿ) և շարքային Գ. Հ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Մ. Չ.-ն բռնություն է գործադրել և կոպիտ հայհոյանք հնչեցրել Գ. Հ.-ի հասցեին: Վիճաբանությանը միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դ. Ս.-ն (Էրեբունու ԶԿ)և մեկ անգամ հարվածել Գ. Հ.-ին:
Վաշտի հրամանատար, կապիտան Լ. Պ.-ն (Գյումրիի ԶԿ), տեղյակ լինելով վերոնշյալ դեպքի մասին, թաքցրել է դեպքը, իսկ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան՝ քուն հրամանից հետո, իր աշխատասենյակում նախատել, դիտողություն է արել Գ. Հ.-ին, ստորացուցիչ հայհոյանք հնչեցրել նրա հասցեին:
02.10.2018թ-ին կրտսեր սերժանտ Մ. Չ.-ն ձերբակալվել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 04.10.2018թ. Մ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
04.10.2018թ-ին Լ. Պ.-ն ևս ձերբակալվել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 07.10.2018թ. Լ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քր. օր-ի 360-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
09.10.2018թ. ՀՀ քր. օր-ի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև Դ. Ս.-ին: Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը»:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ է ներկայցնում
- Զինծառայող Հարոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կապիտանին
- Սոնա Տռուզյան. Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
- Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան