Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը քաղաքացուն «ոչխար» է անվանում, սպառնում կոտրել ոտքերը
Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մրցավազքի մեջ ներգրավված երկու թեկնածուի կողմնակիցների վերաբերյալ ձայնագրություններ հրապարակվեցին այսօր։
Մեկը վերաբերում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատր Դիաննա Գասպարյանին։ Վերջինի հայրը՝ Մնացական Գասպարյանը զանգահարում է դստեր հասցեին գրառումներ կատարած Գեղամ Մանուկյան անունով քաղաքացուն, որը բնակվում է եվրոպական երկրներից մեկում, և սպառնում ոտքերը կոտրել։
«Հիմի ասա, որտեղ ես։ Քեզնից ի՞նչ ես ներկայացնում, լսի դու ադեկվադ չե՞ս, չեմ հասկանում։ Ինչի՞ ես իմ աղջկա անունը վարկաբեկում։ Դե տեղդ ասա գամ տենամ քեզ, այ անասուն։ Նորմալ տղա ես, տեղդ ասա։ Անասուն ես, բա ինչ ես, այ ոչխար։ Ֆրանսիա ես, մի շաբաթից կգամ ոտերդ ըտեղ կջարդեմ, այ ոչխար»,-բարկանում է Գասպարյանի հայրը։
Մանուկյանի տրամադրած ձայնագրությունը հրապարակել է «Իրականում» կայքը։
Հաջորդ ձայնագրությունը հրապարակել է «Փաստերի ստուգման հարթակ» կամ FIP-ը՝ նախկինում SUT.am-ը։
«Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստաել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։
Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել են, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել է ներգրավել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։
Ձայնագրությունը՝ այստեղ։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքում ծավալվող քննարկումներից մեկի ներքո գրել է. «Առավոտյան տնօրենին հրավիրելու ենք մարզպետարան, որպեսզի բացատրություն ներկայացնի սույնի կապակցությամբ, ինչից հետո կվարվենք օրենքով սահմանված կարգով։ Հանրությունը հավուր պատշաճի կիրազեկվի»։