Ինչո՞ւ է Կամո Արեյանն ազատվել պաշտոնից
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով այդ պաշտոնին էր 2003 թվականից, ազատվել է պաշտոնից։ Լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այս պահին բացի Կամո Արեյանից, այլ փոխքաղաքապետերի ազատման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա»,-ասացին քաղաքապետարանից։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից արդեն հեռացված է Կամո Արեյանի անունը։ Քաղաքապետի մյուս տեղակալների՝ Դավիթ Օհանյանի, Արամ Սուքիասյանի ու Վահե Նիկոյանի անունները դեռ կան։
Ընդգծենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, որ քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ:
Նույն օրենքը նաև սահմանում է.
Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան 3 տեղակալ:
Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:
Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից ազատում է քաղաքապետը: