«Գիշերը օպերային թատրոնում»
«Երևան օպերա 85» համերգաշարի շրջանակում հոկտեմբերի 20-ին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա «Գիշերը օպերային թատրոնում» խորագրով նախագիծը։
Օպերային թատրոնից հայտնում են, որ թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում ելույթ կունենան օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Անդրեասյանը, Աննա Այվազյանը, Լուսինե Մակարյանը: Համերգային երեկոյի կոնցերտմայստերն է Ելենա Վարդազարյանը: Ծրագրում կներկայացվեն օպերային արիաներ:
Համերգային երեկոյից հետո նախատեսված է գիշերային շրջայց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։ Ճանաչողական ուշագրավ ծրագիրը նախատեսված է բացառապես այս նախագծի մասնակից հանդիսականների համար։
«Այս համերգաշարը հրաշալի ճանապարհորդություն է երաժշտական գլուխգործոցների աշխարհում: Երևանի օպերային թատրոնը հայկական երաժշտաթատերական արվեստների սիրտն է: Լինելով միակը աշխարհում իր տեսակի մեջ, օպերային թատրոնը ոչ միայն որպես ճարտարապետական արվեստի գլուխգործոց, այլ նաև դինամիկ, շնչող ու զարգացող հոգևոր օջախ է մեզ ներկայանում՝ ուղեկցելով մեզ երաժշտական արվեստի բարձունքները»,- ասել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85- ամյակին: Մինչև տարեվերջ Թատրոնում նախատեսված են մի շարք հոբելյանական միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացված «Երևան Օպերա 85» համերգաշարին:
Թատրոնի տաղանդաշատ արտիստների մասնակցությամբ ներկայացվում են տարատեսակ համերգային ծրագրեր, որոնց շնորհիվ նշանավորվում է 85-ամյա հոբելյանը: