Ինչպես է փոխվել Արամի փողոցը 40 տարվա ընթացքում
Գրականագետ Հովիկ Չարխչյանը հին Երևանի լուսանկարների իր մեծ արխիվից հաճախ է տարբեր տարիներին արված լուսանկար հրապարակում։ Երևանի տոնին ընդառաջ նա հրապարակել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Արամի փողոցի լուսանկարը։ Ինչպես մանրամասնեց Չարխչյանը, այն արվել է 1980-ականների սկզբին։
Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թ.՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թ. հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։
Ցարսկայա փողոցը մինչև 1919 թ.
Փողոցը բացվել է 1837 թվականին և անվանվել Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, ով այդ նույն տարում այցելում է Երևան և մի քանի օր ապրում Կոնդի ամենաբարձր կետում գտնվող տներից մեկում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Դաշնակցական կառավարության տարիներին փողոցը կոչվում է Ազատության փողոց։ 1919 թվականին, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թ. կոմունիստները վերանվանել են փողոցը Սուրեն Սպանդարյանի անունով։ 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց
Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունը կրող փողոցը Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է, սակայն հին բան այնտեղ քիչ է մնացել։ Պատմական շենքերի տեղում այստեղ անընդհատ բարձրահարկեր են կառուցվում։
Այն Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոց՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև գլխավոր փոստատուն։
Panorama.am-ի լուսանկարիչը համարյա նույն դիրքից լուսանկարել է փողոցը։ Մեկնաբանությունները, թե ինչպես է փոխվել այն վերջին 40 տարիների ընթացքում, թողնում ենք ընթերցողներին։
Լուսանկարը՝ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից։
Լուսանկարներն արվել են երեկ՝ 19.10.2018թ.։ Հեղինակը Լիլիան Գալստյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Արամի 30. «Արի՝ քանդեմ, գնա՝ սիրեմ»
- Ահազանգ. Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ
- Քարմեջ արված Հին Երևան