Երկար ընդմիջումից հետո Երևանում կհնչի Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերան
Տաս տարվա ընդմիջումից հետո Երևանում կհնչի Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» հանճարեղ օպերան՝ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչների մասնակցությամբ:
Ներկայացման պրեմիերան կկայանա Ալ.Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում, հոկտեմբերի 25-ին մասնակցությամբ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան), բեմադրող ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան:
«Մադամ Բաթերֆլայ»-ը իր նրբագեղ երաժշտության ու հզոր դրամատուրգիայի շնորհիվ դասվում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Հայաստանում «Մադամ Բաթերֆլայ»-ը առաջին անգամ ներկայացվել է 1934 թ.-ին, Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում, դիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, տաս տարի առաջ՝ 2008թ-ին, որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:
Ֆիլհարմոնիկ նվագախբի մամուլի ծառայության հաղորդմամբ, օպերայի պրեմիերային ընդառաջ հոկտեմբերի 20-ին «Լոֆթ» ակումբում կկազմակերպվի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի հանրային քննարկմանը գլխավոր դերակատարների՝ Լիաննա Հարությունյաի (Բաթերֆլայ, սոպրանո, Ֆրանսիա-Հայաստան), Օլեսյա Պետրովայի (Սուզուկի, մեձո սոպրանո, Ռուսաստան) և օպերայի բեմադրող դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ: Հանդիպումը կվարի կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Ավանեսովը: Օպերայի գլխավոր դերակատարներն են նաև Ջանլուկա Տեռանովան (Պինկերտոն, ԱՄՆ Ռազմածովային ուժերի լեյտենանտ՝ տենոր, Իտալիա) և Մկրտիչ Բաբաջանյանը (Շարպլես՝ ԱՄՆ կոնսուլ, բարիտոն, Գերմանիա/Հայաստան):