Թել-Ավիվի քաղաքապետը հայտնել է «Եվրատեսիլի» կազմակերպիչների վրա ճնշման մասին
«Եվրատեսիլ 2019»-ի եվրոպացի կազմակերպիչները որոշակի ճնշման տակ են եղել ծայրահեղ կրոնական շրջանակների կողմից, որոնք հայտարարում էին, թե թույլ չեն տա մրցույթի բացումը և անգամ փորձի անցկացումը շաբաթ օրը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թել-Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդաին:
Լիսաբոնում, Եվրատեսիլ-2018-ին իսրայելցի Նեթա Բարզիլայի հաղթանակից անմիջապես հետո, վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մրցույթը հաջորդ տարի կանցկացվի Երուսաղեմում: Սակայն ծայրահեղ ուղղափառ համայնքների կտրուկ դեմ արտահայտություններից հետո, կառավարությունը հրաժարվել է սկզբնական գաղափարից: Իսկ մրցույթի եվրոպական կազմակերպիչները ստիպված էին այլ վայր փնտրել մրցույթն անցկացնելու համար: Հուլդաիի խոսքով, ընտրությունը կատարվել է հօգուտ Թել-Ավիվի, քանի որ այն արվեստի ու բարի հարաբերությունների համար բաց, բազմամշակութային կենտրոն է:
«Թել-Ավիվն ամբողջական իմաստով ազատ քաղաք է, որն ընդունում է բոլորին, այդ թվում ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց»,- ընդգծել է քաղաքապետը:
Հուլդաին նկատել է, որ վերջին տարիներին էապես աճել է տուրիստների հոսքը Թել-Ավիվ, որն, ի թիվս պատմական տեսարժան վայրերի, հայտնի է խոհանոցով և վառ գիշերային կյանքով: Քաղաքապետը նաև պատրաստակամություն է հայտնել փորձերի ու Եվրատեսիլի անցկացման համար անվճար դահլիճներ տրամադրել:
Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին Գանեյ-Տաարուհա ցուցահանդեսային համալիրի տաղավարում, որը տեղավորում է 9 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին
- Բուլղարիան «Եվրատեսիլին» չի մասնակցի
- «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում