Հայաստանը Վրաստանից խոշոր արտահանողների եռյակում է
Վրաստանի համար առավել մեծ արտահանման շուկան Ադրբեջանն է, ապա Ռուսաստանը, եռյակում ընդգրկված է նաև Հայաստանը։ Վրաստանի ազգային վիճակագրությունն ամփոփել է այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում կատարված արտահանման վերաբերյալ ցուցանիշները։ Հունվար-սեպտեմբեր ամիսներիներին Հայաստան արտահանվել է 199.2 մլն դոլարի ապրանք։ Առաջին տասնյակում են նաև Թուրքիան, Բուլղարիան, Չինաստանը, Ուկրաինան, Ղազախստանն ու Շվեյցարիան։
Վրաստանում ներմուծողների եռյակում Հայաստանը չկա՝ Թուրքիան է, Ռուսաստանն ու Չինաստանը։
Ըստ աղբյուրի, Վրաստանից հիմնականում արտահանում են պղնձի հանքաքար ու խտանյութեր։ Սա կազմում է ընդհանուր արտահանման 15.3 տոկոսը։ Այս տարվա ինը ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց արտահանման ծավալներն աճել են 20.3 տոկոսով։
Հաջորդ տեղում մարդատար մեքենաներն են, ընդհանուր արտահանման 11.4 տոկոսն է բաժին ընկնում դրան։ Նախորդ տարվա համեմատ արտահանման աճը կազմել է 87.1 տոկոս։
Հիշեցնենք, այս տարվա սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Բախտաձեն ու Փաշինյանը հայտարարեցին, որ երկու երկրների միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ` ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Մամուկ Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել է ՀՀ վարչապետին` տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար:
«Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը»,-հանդիպմանը հետևած ասուլիսում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, այն շատ լավ անցավ. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները. Մնացականյան
- «Ամբիցիոզ» ծրագիր՝ 1 մլրդ դոլարի մակարդակի. Վրաստանի վարչապետի առաջարկը