Ուր են հաց ուտողները
Հացի և ալյուրի արտադրության ծավալները հանրապետությունում շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-օգոստոսին հացի արտադրության ծավալներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով:
Այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի արտադրության ծավալներն էլ նվազել են 29.8 տոկոսով՝ կազմելով 76 հազար 23.5 տոննա:
«Սևանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ իրենց գործարանում հացի արտադրության ծավալները գրեթե չեն նվազել, բայց աշնանից արդեն կնվազեն:
«Ընդհանուր առմամբ, ամռան ամիսներին հիմնականում նվազում չի նկատվում, բայց աշնանից սկսած տնային հացաթխման են գնում մարդիկ: Օրինակ, Սևանում հացի արտադրության ծավալները նվազում են, քանի որ մասսայական տնային հացաթխում է գնում»,- ասաց նա:
Աշոտ Ավետիսյանի խոսքով՝ վերջին շրջանում նկատվում է, որ Երևանում նույնպես մեծ թվով մարդիկ սկսել են տանը հաց թխել. «Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»:
Նա միաժամանակ նշեց, որ հացի ծավալների նվազմանը զուգահեռ ավելանում է լավաշի արտադրությունը, քանի որ մարդիկ սկսել են ավելի շատ լավաշ օգտագործել:
«Կարծում եմ, որ մարդիկ հասկացել են՝ ամենալավ հացատեսակը լավաշն է, որի կալորիականությունն ավելի բարձր է, բացի այդ, 1 կգ լավաշը փոխարինում է 1,5 կգ հացի և դա կապված է նրանից, որ հացի մեջ խոնավությունը 40-45 %-է, լավաշի մեջ՝ 10-12 %»,- ասաց գործարանի տնօրենը:
Աշոտ Ավետիսյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին մարդիկ սկսել են ավելի շատ լավաշ գնել. «Ես 35 տարի այս ոլորտում եմ և նման պահանջարկ երբեք չի եղել»:
Ինչ վերաբերում է գներին, Աշոտ Ավետիսյանն ասաց՝ թյուր կարծիք կա, թե լավաշն ավելի թանկ է վաճառվում, քան՝ հացը. «Մեկ կիլիոգրամ լավաշը վաճառվում է 450-470 դրամով, իսկ 1 կգ հաց՝ 450-500 դրամ: Մեր գործարանի հացը թեև վաճառում ենք 400-420 դրամ, այդուհանդերձ, հացի և լավաշի գնային տարբերությունն այդքան մեծ չէ»:
Այսպիսով, «Սևանի հացի գործարան»-ի սեփականատերը հացի արտադրության ծավալների նվազումը կապում է այն բանի հետ, որ մարդիկ սկսել են ավելի շատ տանը հաց թխել, քանի որ դրանով գումար են խնայում են, բացի այդ, մարդիկ աստիճանաբար անցնում են լավաշին:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ հացի արտադրության ծավալների նվազման միակ բացատրությունն այն է, որ մարդկանց թիվն է նվազել:
«Որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:
Երկրորդ պատճառն, ըստ նրա, կարող էր լինել այն, երբ Հայաստանում տնտեսական կտրուկ աճ գրանցվեր, մարդկանց գնողունակությունը բարձրանար և նրանք օրվա սննդի տեսականու մեջ հացի կամ ալյուրից պատրաստված սննդի տեսակարար կշիռը պակասեցնեին:
«Բայց պարզ է, որ պատճառը դա չէ, մարդկանց թվաքանակը պակասում է, ալյուրի և հացի արտադրության ծավալն էլ նվազում: Ուրիշ ոչ մի բացատրություն չկա: Չենք կարող ասել, որ Հայաստանում մարդիկ սկսել են ավելի առողջ սնունդ օգտագործել, դա մեր երկրին չի վերաբերում»,- նշեց Վահագն Խաչատրյանը:
Մյուս կողմից էլ տնտեսագետը չի կարծում, որ մարդկանց գնողունակությունն ընկել է և սկսել են ավելի քիչ հաց օգտագործել. «Հացն ու կարտոֆիլը ավելի քիչ ապահովված երկրների՝ մեր նման երկրների ամենատարածված սննդի տեսակներն են, ուստի այստեղ քիչ օգտագործելու մասին խոսք լինել չի կարող: Այսօր ամենամատչելի սնունդը հացն է, եթե մսի կամ կարագի մասին խոսեինք, հնարավոր կլիներ այդպես մտածել»:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ արտագաղթի հետ կապված խնդիրն այսօր էլ կա, գործող կառավարությունն, ըստ նրա, պետք է լուրջ ծրագրեր իրականացնի, քանի որ արտագաղթն իր բացասական ազդեցությունն է ունենում ժողովրդագրության վրա:
«Նույնիսկ մասնագետներն են ասում՝ երկու տարի հետո Հայաստանում մահացողների թիվն ավելի բարձր կլինի, քան ծնվածների: Այս հարցն օրակարգային է եղել միշտ, կարծում եմ, որ կառավարությունը համապատասխան հետևությունների կանի և լուծումներ կառաջարկի: Ըստ իս՝ լուծման միակ տարբերակը ներգաղթն է»,- ասաց տնտեսագետը:
Արտադրության ծավալների նվազման պատճառներից մեկն էլ, ըստ տնտեսագետի, կարող է լինել վիճակագրությունը:
«Ինչքանո՞վ են հավաստի այդ տվյալները 15, 10, 5 տարի առաջ կամ հիմա, որ համեմատություն անենք: Խնդիրներ կան, մենք հիմա ականատես ենք լինում, թե ինչ է լինում խաղողի հետ: Պարզվում է, որ իրականում խաղողի մթերման և իրացման տվյալները կեղծ են եղել, այդ թվերը ներկայացրել են, որ ներմուծվող կոնյակի սպիրտի անվան տակ այլ տեսակի սպիրտները կարողանան օրինականացնել»,- ընդգծեց տնտեսագետը: