Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ
Ճարտարապետ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մեսչյանը՝ հավելելով, որ վաղվանից արդեն կսկսի աշխատել։
«Հրամանը վաղը կլինի», - նշեց նա։
Նշենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի մեծ մասն այս որոշումը համարում են լավագույն նվերը Երևանին 2800-ամյակի առթիվ։
Արթուր Մեսչյանի խոսքով՝ ինքը սոցիալական ցանցերից չի օգտվում, բայց եթե մարդիկ նման կարծիք են հայտնում, ապա, ըստ նրա, թե պատասխանատվությունը, թե պարտավորությունները մեծանում են։
Վիքիպեդիայից տեղեկանում են, որ Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ. մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։
Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվում են «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ Առաջին անգամ «Ո՞ւր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։
1966 թ. ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ Սեդրակ Բարխուդարյանի հետ։
1967 թ. ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որն սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ)։ Արդեն երրորդ կուրսում խումբը հանդես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում։ Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ՝ խումբն անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում իսկական հայտնություն։ Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը։ Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»)։
1996 թ-ին Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ։ Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ՝ անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները։ Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը։ Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերն ապարդյուն են՝ 1997 թվականի փետրվարին նա հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում է Բոստոն։
Արթուր Մեսչյանի՝ իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005 թ., երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերադարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր նրա արվեստի բազմաթիվ սիրահարների համար։ 2005-2006 թթ. Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։
2007 թ. սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։ Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.: ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած զբաղվածությանը՝ 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով։
2015 թ. հունվարի 29 ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։
2011 թ. Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ 2012 թ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով, բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին