Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար. Աննա Միտյանինա
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ սա լավ առիթ է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Ես տեղյակ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում իրականացվել են բազում ծրագրեր քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Առանձնակի կարևորում եմ նաև առողջապահական ոլորտում առարկայական համագործակցությունը՝ մասնավորապես պոլիկլինիկաների արդիականացման ուղղությամբ փորձի փոխանակման ծրագրերի իրականացման: Համոզված եղեք, որ ես ևս պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ բարեկամական ու գործնական այդ կապերի առավել ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանը։
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի:
«Պարոն քաղաքապետ, Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Համոզված եմ, որ այս տարի ևս Սանկտ Պետերբուրգ կվերադառնանք մեզ հետ տանելով 2800-ամյա Երևանի ջերմությունը: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար, և ես վստահ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա տարիներին ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն», - նշել է Աննա Միտյանինան:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, ներդրումային բնագավառներում համագործակցության հնարավոր հեռանկարները:
Հայկ Մարությանը հանդիպել է նաև Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր կյանքի կկոչեն:
«Երևանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման առումով: Վստահ եմ, որ գալիք տարիներին ևս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր՝ ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու կարևորել հայազգի փոխքաղաքապետի անձնական ներդրումը երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության հարցում:
Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ երկու քաղաքների համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու համար: Կողմերն անդրադարձել են նաև Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նախանշել անելիքները:
Երևանի քաղաքապետը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ:
«Երկու քաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով այսօր իսկապես մեծ ներուժ կա, և պետք է ընդգծեմ, որ մենք պատրաստակամ ենք Ամմանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Վստահ եմ, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր է իրականացնել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Հայկ Մարությանը:
Օմար Էլ Լոուզին կարևորել է երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը միտված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ նախանշելու առաջիկա անելիքները:
«Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ մենք կամրապնդենք ու կզարգացնենք փոխգործակցությունը: Մեզ համար իսկապես կարևոր է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու հաջողված փորձի փոխանակումը»,- նշել է Օմար Էլ Լոուզին:
Հարակից հրապարակումներ`
- Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
- Հայկ Մարության. Ցանկանում եմ, որ Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ քաղաք