Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ՏԻՄ ընտրությունների անկախ դիտարկում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր աշխատում է վաղ առավոտից։ ՄԻՊ աշխատակազմից մանրամասնում են` ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների անկախ դիտարկում:
Գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:
Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 42-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվելու է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, և մեկ համայնքում՝ Վաղարշապատում, քվեարկվելու է 12 թեկնածու:
Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասեր
- Լռության օր է
- Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու թվով 49 համայնքներում. ԿԸՀ