Երիտասարդ մասնագետները վրդովված են ԿԲ որոշումից
ԵՊՀ շրջանավարտների միավորումը տարածել է հայտարարություն, ըստ որի Դալմա մոլի հարևանությամբ կառուցվելիք Վերածնունդ երիտասարդական ավանի բնակարանների կառուցումն իրականացվելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, այսինքն այն չի տարածվելու երիտասարդ մասնագետների վրա:
Միավորումից հայտնում են, որ նախորդ տասը տարիների ընթացքում իրենց կողմից իրականացված թվով 9 բնակարանաշինական ծրագրերի (շուրջ 2300 բնակարաններ) համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով լավագույն պայմաններով իրականացվել է մեր ծրագրերի շահառուների վարկավորումը:
Ներկայումս, ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ մեր երկարատև բանակցությունների արդյունքում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, որի պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ` (www.hfyouth.am):
«Մեր կայքում հրապարակված «Վերածնունդ» ծրագրի հնարավոր շահառուների հերթացուցակում ընդգրկված բոլոր անձանց հորդորում ենք ծանոթանալ առաջարկվող վարկավորման պայմաններին:
Հիշեցնում ենք, որ վարկավորման պայմաններին չհամապատասխանող շահառուները կարող են օգտվել բնակարանի արժեքի ուղղակի (տարաժամկետ) վճարման եղանակից (ամբողջ շինարարության ընթացքում՝ 4 մասնաբաժնով) կամ հիփոթեքային վարկավորում ստանալ սեփական նախաձեռնությամբ:
2018թ. նոյեմբերի 12-30-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է մի քանի փուլերով (հաշվի առնելով մեծաթիվ մասնակիցների առկայությունը) կազմակերպել «Վերածնունդ» ծրագրի շահառուների բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը:
Մինչ այդ մեր աշխատակիցներն անհատապես կզանգահարեն հերթացուցակում ընդգրկված բոլոր շահառուներին, կպարզեն ծրագրին նրանց հետագա մասնակցության հարցը և կհայտնեն հրապարակային վիճակահանության օրը»,-ասված է հայտարարության մեջ:
Որոշումն առաջացրել է երիտասարդ մասնագետների. այդ թվում նաև այն լրագրողների դժգոհությունը, որոնք վաղուց հերթագրված ու ընտրված էին ծրագրի կողմից, սպասում էին վիճակահանությանը, որն անընդհատ ձգձգվում էր:
«Հարգելի կառավարության երիտասարդ ու անփորձ անդամներ, պատրաստվեք, պատասխան եք տալու: Եթե դու ամուսնացած չես,ու տարիքդ հատել է 35֊ի շեմը, դու չես կարող որևէ ծրագրի մասնակից լինել։ Ու սա կոչվում է Վերածնունդ ծրագիր։Երբ 1,5 տարուց ավել սպասում ես, որ ի վերջո տուն կունենաս,բայց պարզվում է ոչ։ Ինչպես ասում են երկրում իրավիճակ է փոխվել»,-նշում են նրանք:
Հարակից հրապարակումներ`
- «Վերածնունդ»-ի բնակարանների վիճակահանությունը հետաձգվել է մի քանի ամսով
- Երևանում «Վերածնունդ» երիտասարդական ավան կկառուցվի